Լեդի Գագան և Ջասթին Բիբերը՝ տարվա լավագույն երգիչներ ըստ MTV-ի

10:40 • 07.11.11

Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում անցկացված ամենամյա երաժշտական MTV Europe երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ միանգամից 4 անվանակարգում լավագույնն է ճանաչվել Լեդի Գագան: Այս մասին տեղեկանում ենք news-de-stars.com-ից:

Երգչուհին ճանաչվել է տարվա լավագույն կատարող, նրա Born this Way երգը և նույն երգի տեսահոլովակը լավագույնն են ճանավել առանձին անվանակարգերում։

«Այս երգը շատ յուրահատուկ է ինձ համար, միգուցե իմ բոլոր երգերի մեջ սա ամենակարևորն է, և սա իմ ամենալավ ալբոմն է: Ես ձեզ սիրում եմ իմ փոքրիկ հրեշներ»,- ասել է երգչուհին:

Բացի դրանից, նրան հանձնվել է նաև «Երկրպագուների լավագույն աջակցության համար» մրցանակը:

Լեդի Գագան, որի իրական անունն է Ստեֆանի Ջերմանոտա, անցած տարի նույնպես MTV Music Awards-ում լավագույնն էր, բայց այն ժամանակ նա արժանացել էր ընդամենը 3 մրցանակի:

Տղամարդկանց մեջ լավագույն կատարող է ճանաչվել Ջասթին Բիբերը, ով մրցանակի է արժանացել նաև «Լավագույն փոփ երաժիշտ» անվանակարգում: Իսկ լավագույն հիփ-հոփ կատարող է ճանաչվել Էմինեմը: