Ազգային նվագարանների «կարմիր գիրքը» համալրվում է. դրանք պահանջված չեն
Երաժշտական դպրոցներում ազգային նվագարանների դասարաններում սովորելն անվճար է, սակայն դա էլ չի հրապուրում ժամանակակից փոքրիկ երաժիշտներին։ Սանթուրը, ուդը, քյամանչան, քանոնն ու թառը սովորողներ շատ քիչ են։ Խնդիրը ներկայացրել է Հ1 հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ը։
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը նշել է, որ ազգային նվագարանների դասարանները պետպատվերի շրջանակում ներառելը աշակերտների խնդիրը լուծել է միայն մասամբ։ Խնդիրն արմատապես լուծելու համար հարկ է ունենալ այս մասնագիտությունները ձեռք բերող երաժիշտների պահանջարկ, հակառակ դեպքում դրանք շարունակաբար կհամարվեն անհեռանկարային։ «Եթե դու տեսնում ես, որ ավարտելով՝ հեռանկար չունես՝ դա ուղղակի կրճատում է դիմորդների քանակը»,- նշել է նա։
Սիրված երաժիշտ՝ կոմպոզիտոր-կատարող Արա Գևորգյանը հիշեցրել է, որ «այս թելը կտրվելուն մոտ է»։ «Պետք է վերականգնել այն օրերը. դժբախտաբար, ուսուցիչները մահանում են, իսկ աշակերտներ չկան. սա ծայրահեղ վիճակ է, կարծում եմ, պետք է սթափվենք»,- ասել է նա՝ խնդրի միակ լուծումը տեսնելով՝ հեռուստատեսությունների ու ռադիոի միջոցով ազգային նվագարանների նկատմամբ սերը վերականգնելով։










