Հոլիվուդի փառքի ծառուղում հայտնվեց Շակիրայի աստղը
Կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան անվանական աստղ ունեցավ Հոլիվուդի փառքի ծառուղում: Բացման արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի: Այս մասին տեղեկացնում է news-de-stars.com-ը:
Հոլիվուդ-բուլվարում հավաքվել էին հարյուրավոր երկրպագուներ, ովքեր շտապում էին արտահայտել իրենց հիացմունքը:
«Սա պարզապես անհավանական է, ուզում եմ ձեզանից շնորհակալություն հայտնել»,- ասել է երգչուհին:
Շակիրան արժանացել է երաժշտական մի շարք մրցանակների, այդ թվում` ամենահեղինակավոր «Գրեմմի» մրցանակին`լավագույն լատինամերիկյան փոփ ալբոմի համար: Շակիրան բազմաթիվ անգամ դարձել է «Լատինական Գրեմիի» մրցանակակիր: Այս տարի նրան շնորհվեց «Տարվա մարդ» մրցանակը, որի պարգևատրման արարողությունը տեղի կունենա հինգշաբթի:
Հոլիվուդի փառքի ծառուղին գտնվում է Լոս Անջելեսում: 2010թ.լրացավ ծառուղու 50-ամյակը: Ծառուղու առաջին աստղը, որը տեղադրվել է 1958թ. օգոստոսի 15-ին, պատկանում է դերասան Պրեստոն Ֆոսթերին: Ծառուղու բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 1960թ. նոյեմբերի 23-ին:











