Էդդի Մերֆին հրաժարվել է վարել «Օսկարի» մրցանակաբաշխությունը

01:28 • 10.11.11

Հումորային ժանրի հանրահայտ դերասան Էդդի Մերֆին (Eddie Murphy) հրաժարվել է «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության արարողությունը վարելու առաջարկից, քանի որ նրան հրավիրած Բրեթ Ռատները հրաժարվել է պրոդյուսերի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Ամերիկյան կինոակադեմիայի (Academy of Motion Picture Arts and Sciences) նախագահ Թոմ Շերակի (Tom Sherak) հայտարարությանը:

«Ես հասկանում եմ Էդդիին, ով կորցրել է իր մշակութային գործընկերոջը` Բրեթ Ռատներին: Նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- ավելացրել է Թոմ Շերակը:

Անձամբ Էդդի Մերֆին, ով սեպտեմբերի սկզբին համաձայնել էր «օսկարների» բաժանումը ղեկավարել, նշել է, որ պրոդյուսերների փոփոխման հարցում լիովին համաձայն է յուրաքանչյուր կողմի ընդունած որոշման հետ:

«Ես հույս ունեի իմ ներդրումն ունենալ այս շոուի մեջ. մեր արտադրական թիմը նոր էր սկսել այն իրականացնելու գործը։ Սակայն ես համոզված եմ, որ նոր թիմը նույնպես գործը լավ գլուխ կբերի»,- հայտարարել է Մերֆին:

Բրեթ Ռատները հրաժարվել է «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության պրոդյուսերի պաշտոնից, քանի որ կանանց և սեռական փոքրամասնությունների վերաբերյալ նրա «ոչ քաղաքակիրթ» հայտարարությունները Հոլիվուդում լայն քննադատության ալիք էին բարձրացրել: Այսօր նա բաց նամակ է հրապարակել, ուր իր գործընկերներից ներում է հայցել` իր խոսքերով «վիրավորական և հիմար» արտահայտությունների համար: