Որտեղից չինական վիշապներ հայկական հնագույն քանդակների վրա կամ ինչու էին եվրոպացիները հայ ձևանում. հայ ռեժիսորի բացահայտումները
Radio86.com կայքը զրուցել է հայազգի 26–ամյա ռեժիսոր Ռուբեն Ջինիի հետ, որն աշխատում է իր նոր՝ «Հայաստան` մեծ չինական ճանապարհորդություն» փաստագրական ֆիլմի վրա։ «Սա մեկ առանձին ժողովրդի պատմություն չէ։ Իմ նպատակն է այնպիսի փաստագրական ֆիլմ ստեղծել, որը հավասարապես հետքրքիր կլինի տարբեր երկրների տարբեր տարիքի հանդիսատեսի համար՝ գիտնականից մինչև աշակերտ»,– պատմում է Ջինին։
«Հին Արևելքի պատմությունը դեռևս բազմաթիվ գաղտնիքներ է պարունակում. երբ է տեղի ունեցել Արևելքի և Արևմուտքի միջև առաջին կապը։ Ով է եղել Տիբեթ ժամանած առաջին եվրոպացին։ Ով է եղել Հռոմ և Արևմուտք ուղևորված առաջին չինացին։ Այս հարցերի պատասխանները թաքնված են ժամանակի մեջ։ Ամեն դեպքում մեր նոր փաստագրական ֆիլմում փորձելու ենք գտնել այդ հարցերի պատասխանները՝ հենվելով հնագիտական վերջին տվյալների, միջազգային հրապարակումների և ասիացի և Արևմուտքի փորձագետների հետ հարցազրույցների հիման վրա։ Հենց սա է ֆիլմը եզակի դարձնում»,– ասել է Ջինին։
Հայ–չինական հարաբերություններն ուսումնասիրելու համար փաստագրական ֆիլմում երեք ժամանակաշրջան է օգտագործվում՝ հին ժամանակները, միջին դարերը, ապա 20–րդ դարը, ժամանակակից դարաշրջանը և Չինաստանի Շանհայ քաղաքում 2010թ. անցկացված էքսպոն:
«Հանդիսատեսը հետաքրքիր և ուսուցողական ճամփորդություն կկատարի դեպի անցյալ և պատմական կարևորագույն իրադարձությունները կտեսնի սեփական աչքերով և նոր բացահայտումներ կանի»,– գրում է կայքը։
«Կարծում եմ, որ այսօր արխիվների հետ աշխատելու ամենահարմար ժամանակն է, քանի որ կոմունիստական կարգերից 100 տարի անց այս երկիրը կրկին բաց է։ Այժմ Արևմուտքի բնակիչը կարող է մատչում ունենալ այս չուսումնասիրված փաստաթղթերին և աղբյուրներին»,– ասել է ռեժիսորը։
Նա նաև պատմել է, որ սցենարը մեծամասամբ պատրաստ է, սակայն դրանում շարունակվում են փոփոխություններ կատարվել և նորանոր փաստեր ավելացվել։ Ռուբենի խոսքով՝ նկարահանումները կատարվելու են 5 երկրներում, 14 քաղաքներում։
Ռուբեն Ջինին ծնվել է Երևանում։ Չինաստան է տեղափոխվել 2004 թ.՝ գովազդային մի ընկերությունում որպես գեղարվեստական ղեկավար աշխատելու։ Նա 4 լեզուների է տիրապետում՝ հայերեն, ռուսերեն, չինարեն և անգլերեն։ «Չինաստանում ձեռք բերածս փորձը ոսկուց թանկ է»,– ասել է Ռուբենը։
Նա մասնակցել է մի շարք գիտարշավների Հայաստանում և Չինաստանում։
Ժամանակակից հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանն ու Չիանաստանի միջև կապ է եղել մ.թ.ա 2–րդ դարում։ Դա ապացուցելու համար ֆիլմում ներկայացվելու են այնպիսի հնություններ, ինչպիսիք են Չինաստանում հայտնաբերված հին հայկական մանրադրամները և հայկական քանդակների վրա չինական վիշապի պատկերը։
Նրա խոսքով՝ հայ–չինական հարաբերությունները լավ չեն ուսումնասիրվել։ Օրինակ այն, որ հայկական հագուստը Արևելքի առևտրայի ուղիներ մուտք գործելու համար անցաթուղթ էր։ «Եվրոպացիները ծպտվում էին հայկական հագուստի մեջ՝ տեսնելու համար Չինաստանի հրաշալիքները»։ Ֆիլմը լույս կտեսնի 2012թ։













