Ես հեռացա, որ նա հետևի ինձ. Ալլա Պուգաչովա
«Ես հեռացա, որ նա հետևի ինձ»,- ասել է Ալլա Պուգաչովան Ֆիլիպ Կիրկորովից հեռանալու մասին։ «НТВ» հեռուստատեսության այսօրվա «Ինչու չստացվեց» հաղորդման ժամանակ պրիմադոննայի մտերիմները պատմեցին ռուսական էստրադայի ամենահայտնի զույգի՝ իրենց աչքի առաջ բռնկված և մարած սիրո պատմությունը։
Ալլա Պուգաչովայի և Փիլիպ Կիրկորովի քաղաքացիական ակտի գրանցման արարողությունն առանց պաթոսի է եղել՝ կազմակերպված միայն մտերիմների համար։ Եվ շնորհավորանքների ժամանակ միայն Ալլա Պոգաչովայի արցունքներն էին մատնում հոգին փոթորկող զգացմունքը։
Դեռ դրանից չորս ամիս առաջ, երբ Իոսիֆ Բույնովի համերգի ժամանակ Կիրկորովը բեմից խոստովանել էր, որ սիրում է պրիմադոննային, նրանց սիրավեպը դարձել էր ամենաքննարկվող թեման՝ ընկերներից մինչև երկրպագուներ քննարկում էին, ինչու էր դա պետք Ալլա Պուգաչովային, ինչու էր պետք Կիրկորովին։ «Արտասովոր էր մարդկանց արձագանքը. այն մարդիկ, ովքեր, մեր կարծիքով, պիտի ուրախանային, տարօրինակ հայացքներով, կասկածամտության արտահայտությունը դեմքերին՝ մոտենում - ասում էին՝ կեցցեք, լավ եք որսացել պահը, ոմանք էլ՝ խորհրդավոր ժպիտով, ցավակցում էին Ֆիլիպին»,- պատմել է երգչուհին։
Իրենց ամուսնությունից հետո մահացել է Կիրկորովի մայրը։ Սակայն դա չի խանգարել երգչին մահվան լուրն ստանալուց երեք ժամ անց մեկնել համերգի։ Նրան արդարացնելու համար Պուգաչովան ասուլիսի ժամանակ նշել է. «Եթե համերգներ են նշանակված, և եթե ժամը 9-ին մահացել է արտիստի մայրը, 12-ին կարող է լինել՝ ինքնաթիռ։ Մայրն էր նրան այդպես դաստիարակել։ Ելույթին ոչինչ չպիտի խանգարի»։
Աստղային զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Երուսաղեմում. «Մենք փախել էինք լրագրողներից»,- ասել է Կիրկորովը։ Պսակից հետո Կիրկորովի անհատական պրոդյուսերն է դարձել Պուգաչովան, ամեն կերպ աջակցում էր նրան, հաճախ՝ բարձրանում բեմ, ու դժվար էր ասել, թե հատկապես ում տեսնելու էր գալիս հանդիսատեսը։
Համերգաշարի համար Ալլա Պուգաչովան փորձում է վաստակել՝ մտնելով բիզնեսի մեջ. հնարավոր բոլոր տարբերակներով նա օգտագործում է պրիմադոննայի իր բրենդը՝ շուկային է ներկայացնում օծանելիք, կոշիկի խանութ և նույնիսկ կարտոֆիլի չիփս «Ալլա Բարիսովնա»։ Բայց դրանք գերշահույթներ կամ գոնե եկամուտ բերելու փոխարեն միայն անվերադարձ ծախսեր էին։
Աստղային ամուսնությունը շուտով մտնում է ծանր շրջան։ Դեռ հարսանիքի օրերին ամուսինները հայտարարել էին, որ ցանկանում են երեխա ունենալ։ Պրիմադոննան, պարզվել է, երկարատև բուժման կարիք ուներ։ Շվեյցարիայի բժշկական կենտրոնում նա ասել է. «Ես դեռ հույս ունեմ, սկզբունքորեն, ես բավական առողջ մարդ եմ, ու հիմքեր ունեմ հույս ունենալու։ Իսկ թե չստացվի, ի՞նչ արած, պիտի հղանամ ու աշխարհ բերեմ երգեր»։
Իսկ այդ ժամանակ արդեն Ֆիլիպ Կիրկորովն իր անձնական ինքնաթիռով շրջում էր աշխարհով՝ իր հետ տանելով հնարավորինս շատ տեխնիկա, երգիչ-երգչուհիներ, պարուհիներ և անձնական խոհարար։ Ալլան տանն էր մնում՝ մենակ, ու արդեն խոսում էր այն մասին, որ Կիրկորովին ընտանիք չի պետք, այլ՝ պրիմադոննայի անունը։ «Գոռում եմ, լռությունն է արձագանքը, ու նորից ես դարձա միայնակ, Ուժեղ կինն է լալիս լուսամուտի մոտ»,- գրել է և նկարահանման ժամանակ իրապես լաց է եղել Ալլա Պուգաչովան։
Ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Ֆիլիպ Կիրկորովը ընկել է ծանր նյարդային վիճակի մեջ, իսկ հայ լրագրողուհուն ասուլիսի ժամանակ վիրավորելուց հետո տևական ժամանակ բուժվել է հոգեբուժարանում։
Պրիմադոննան հանրությանը ներկայացել է երիտասարդ հումորիստ Մաքսիմ Գալկինի հետ։ «Ուղղակի նա սիրում է երիտասարդ, գեղեցիկ տղամարդկանց»,- ասել են մտերիմները։ Սակայն պրիմադոննայի հետ կյանք ապրած արվեստագետները դեռ չեն հավատում, թե «փոթորիկ հիշեցնող Ֆիլիպի ու Ալլայի այդ բուռն զգացմունքը կարող է հանգել հենց այսպես… առանց վերստին բռնկվելու»։ Նրանք չեն բացառում, որ հետաքրքրասեր հայացքից հեռու աստղային ամուսինները կրկին միասին են։
«Մի օր անպայման կպատմեմ Ֆիլիպի սիրո պատմությունը»,- խոստացել է ռուսական էստրադայի թագուհին։










