Իմ սերունդը պարտվել է. Կարինե Խոդիկյան
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր հեռուստատեսային ու ընդհանրապես մշակութային կյանքում տիրող անճաշակությունը հատուկ քաղաքականություն է, որով չգիտեմ` մարդկանց ուր կհասցնեն» , – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը։
Նշելով ,որ իր տանը հեռուստացույցն անջատված է և ինքը հազվադեպ է նայում հայկական անճաշակությունները, նա ընդգծեց, որ փոխվել են իդեալները՝ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները դարձել են հերոս, իսկ մտավորականը` խղճուկ մեկը, որը ոչ մի բանի ընդունակ չէ։ «Ընդունելով, որ վերևներից շատ բան է կախված և ամեն ինչ հիմքից պիտի փոխվի` ես աշխատում եմ հնարավորինս իմ ներդրումն ունենալ այդ փոփոխությունների մեջ։ Օրինակ, գրել եմմի ամանօրյա ֆիլմի սցենար, որը կցուցադրվի «Երկիր Մեդիայով», որտեղ բոլորովին այլ արժեքներ են: Ուզում եմ` գոնե ամանորյա գիշերը մի քիչ հրաշք լինի մեր հեռուստադիտողների համար»,– ասաց նա՝ ավելացնելով , որ ընդունում է, որ իր սերունդը պարտվել է, և հույս ունի, որ գոնե հաջորդ սերունդները հաղթողի դերում կլինեն։










