Հայտնի են դարձել Orange Գրքի մրցանակակիրների անունները

16:22 • 12.11.11

Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Orange գրքի մրցանակ 2011» գրքի մրցույթի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ամփոփվեցին մրցույթի արդյունքները և հայտարարվեցին հաղթողների անունները: 

Վեպ. «Շների համաստեղությունը» (Նարինե Կռոյան) - 924 քվե
էսսե. «Կամուրջ դեպի Տանյան` արտասովոր բանաստեղծն ու կինը», (Վիոլետ Գրիգորյան) - 309 քվե
Պատվածք. «Ֆուտբոլի գնդակի երազանքը» (Տաթև Դերզյան) - 1506 քվե
«Սցենար» և «հեքիաթ» կատեգորիաներում երկրորդ փուլում ներկայացվել էին մեկական գործ, որոնք էլ ճանաչվում են հաղթող այդ կատեգորիաներում.
Սցենար. « Չարենց» (Վահրամ Մարտիրոսյան)
Հեքիաթ. «Անկիմյուրի բնակիչները» (Արմինե Աբրահամյան)

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով:

Մրցանակաբաշխության երեկոյի ժամանակ Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան շնորհավորել է մրցանակակիրներին` ասելով. «Հետաքրքրությամբ հետևեցինք այն քննարկումներին, որ ծավալվեցին սոցիալական ցանցերում և այլ հարթակներում: Նախևառաջ դա խոսում է նախագծի հետաքրքրության ու արդիականության մասին: Ինչպես արդեն բազմիցս ասել ենք, Orange Գրքի մրցանակն ավելի շուտ ոչ թե գրական մրցանակ է, այլ ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ: Մենք այս ընթացքում արեցինք հնարավորը` հանրային ընթերցանությունների, քննարկումների միջոցով խթանելու հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Ընթերցողներն արեցին իրենց ընտրությունը և մենք երջանիկ ենք աջակցել, որպեսզի նրանց ընտրած ստեղծագործությունները դառնան գիրք»:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցել են նրանք, ովքեր ստեղծագործում են հայերեն, ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ և մշտապես բնակվում են Հայաստանում: Մրցույթին ընդհանուր թվով մասնակցել է 130 ստեղծագործություն:
Հեքիաթ և սցենար/դրամատիկական գործ կատեգորիաներում ժյուրիի բարձր գնահատականին արժանացել են միայն մեկական գործ, որոնք էլ ավտոմատ կերպով դարձան տվյալ անվանակարգում հաղթող: «Վեպ», «էսսե» և «պատմվածք» անվանակարգերում հաղթողներն ընտրվել են Orange-ի վեբ կայքում`www.orangearmenia.am/book-prize ընթերցողների առցանց քվեարկությամբ, որտեղ ընթերցողները քվեարկել են դուր եկած ստեղծագործության օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով` սեղմելով յուրաքանչյուր ստեղծագործության մոտ հասանելի «like» կոճակը: