Վահրամ Սահակյանի սցենարով «Էս երկրում» այլևս ֆիլմ չի նկարահանվի (տեսանյութ)

14:48 • 12.11.11

Վահրամ Սահակյանի սցենարով այլևս չի նկարահանվի ոչ մի ֆիլմ և չի բեմադրվի ոչ մի ներկայացում: Հեղինակը վստահ է` ամեն ինչ իզուր է, և ժամանակի զուր վատնում:

««Հայկական սեքս» ֆիլմս այդպես էլ չկարողացա ավարտին հասցնել: Ֆիլմում քառասուն դերասան էին խաղում, որոնց կեսից ավելին նկարահանման կեսից փոխվեցին: Մարդիկ ուրիշ գործեր ունեին, սերիալները հո կիսատ չէին մնալու: Ստիպված էդ դերասանի շորերը ուրիշի էինք հագցնում ու այդպես նկարում: Անգամ մուլտհերոսներ մտցրեցինք ու էլի վերջնական տարբերակը չունեցանք: Միայն տեսաերիզները կան: Դուք պատկերացնում եք` դա ինչ տանջանք է, էդքանից հետո նոր բան ձեռնարկեմ` երբեք, էս երկրում ամեն ինչ ձախողվում է»,- ասաց Վահրամ Սահակյանը:

Նա ավելացրեց նաև, որ Հայաստանում իրեն արդեն դուր չի գալիս ոչինչ`զզվել է հանրահավաքներից, տանել չի կարողանում մարդկանց անտարբերությունը, առանձանապես նյարդայնանում է ոստիկաններից: Ըստ նրա, եթե այս պահին ինչ որ լուծում չառաջարկվի, վաղն արդեն շատ ուշ կլինի. «Այստեղ ամուր ձեռք է պետք, որ հեղափոխական ճանապարհով ամեն ինչ լուծի, խաղերի ժամանակն անցել է», - ընդգծեց նա:

Լրագրողների հարցին, թե քվեարկելու է արդյոք նախագահական ընտրություններին, Վահրամ Սահակյանը պատասխանեց, որ անպայման գնալու է և ընտրելու ինչպես ցուցադրված շորն ու կոշիկն են ընտրում:

«Ընտրելու եմ նախագահին, բերեմ տուն, ասեմ` դե հատակը լվա, մաքրություն արա», - արդեն հաջորդ ֆանտաստիկ վեպի սցենարը բարձրաձայն մտածեց նա` խոստանալով, որ իրենց արարքների համար պատասխան են տալու բոլորը: