Եթե Շուշան Պետրոսյանը լիներ մշակույթի նախարար. հարցազրույց

18:22 • 12.11.11

Վերջերս Շուշան Պետրոսյանը առաջին անգամ ներկայացավ Կրասնոդարի երաժշտասեր հանդիսատեսին: Համերգից հետո նա պատասխանել է «Հայերն աշխարհում» պարբերականի հարցերին:

- Լինելով Հայաստանում և Երևանում երկու բավականին հայտնի ընտանիքների շառավիղ և նշանավոր ծնողների զավակ, ինքներդ էլ բարձրացել եք հայ մշակույթի տեսանելի բարձունքներ, ավագների փառքը օգնե՞լ է, թե՞ խանգարել։

- Անկասկած օգնել է, բայց, հավատացեք, միայն դաստիարակության և կրթության առումով, ինձնով զբաղվել են անվերջ, հրաշալի կրթություն են տվել և իմ մեջ դաստիարակել են վառ անհատականություն։ Նույն սկզբունքով ես վարվում եմ իմ երկու որդիների հետ, ամեն տարիքի մարդու մեջ առհասարակ ես առաջին հերթին տեսնում եմ անհատականություն։ Երկուսին էլ վերաբերվել նույն ձևով, նշանակում է ջնջել ինքնատիպության դրոշմը, ամեն նոր ծնված երեխա արդեն յուրօրինակ և անկրկնելի է։ Իմ ծնողները ինձ ոչինչ չեն ստիպել, ինձնից ոչինչ չեն պահանջել, միայն տվել են։ Նրանք ինձ տվել են արվեստի աշխարհը, որտեղ դոմինանտ է եղել գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը, թատրոնը։ Մանկությունից իմ կյանքը լի է եղել հանդիպումներով մշակույթի գերաստղերի հետ։ Ես ինձ երբեք աստղ չեմ համարել… այնպես չէ, որ՝ ով բարձրանում է բեմ և երգում, աստղ է։

- Կան լավ երգիչներ, կան մշակույթին նվիրված մարդիկ և կան երևույթներ մեր մշակույթում։ Դուք երևույթ եք։ Դուք բացի տաղանդավոր երգիչ-երգահան լինելուց նաև շնորհալի մտավորական եք։ Եթե դուք լինեիք մշակույթի նախարար, ի՞նչ կփոխեիք Հայաստանի մշակութային քաղաքականության մեջ։ Երևի կհամաձայնեք ինձ հետ, որ այս ասպարեզում ամեն ինչ չէ, որ ճիշտ է։

- Ես սարսափելի պահանջկոտ եմ՝ ինչպես ինքս իմ հանդեպ, այնպես էլ՝ ուրիշների, շատ արմատական փոփոխություններ կանեի։ Խստապահանջ կլինեի արվեստի բոլոր բնագավառներում, որ այսօր լցված են ոչ հայկական և ոչ հայեցի միտումներով, կստիպեի, որպեսզի բոլոր մշակույթի գործիչները, առավել ևս արտիստները, քննություններ հանձնեին։ Որպեսզի ավելի ազնիվ լինի, խոսեմ միայն իմ ասպարեզից։ Այսօր շատ-շատերը իրենց իրավունք են վերապահում ներկայացնել հայկական փոփ երաժշտությունը, ֆոլկլորը, ուղղակի անշնորհք մարդկանց կարգելեի մոտենալ այդ գործին։ Ամեն պարագայում ամպագորգոռ խոսվում է հայի արժանապատվության մասին և մոռացվում է մի շատ պարզ ճշմարտություն - 1915թ. և նրանից առաջ, թուրքը կոտորած արեց, որի շնորհիվ հիմա տարագիր են հայերը, աշխարհով մեկ սփռեց հայ համայնքներ, իսկ մեր պատվից ու նամուսից խոսող տղամարդիկ կարող են ռեստորանում պատվիրել երգեր, որոնց հիմքում այդ նույն թուրքական բայաթին է և շաբաշներ տալ։ Փառք Աստծո, որ մենք դեռ կանք, անգամ երբեմն սպիտակ ագռավների կարգավիճակով։

- Ռուսաստանի հայկական մշակութային կյանքը այդ առումով ավելի լքված և բարձիթողի վիճակում է, քանի որ այստեղ շատ հազվադեպ են հայտնվում արհեստավարժ մասնագետեներ, և ասպարեզը ամբողջովին սիրողական «ռաբիսինն» է։

- Գիտեք` «ռաբիսը» հետաքրքիր ժանր էր մինչև 90-ականների սկիզբը, դա քաղաքային ֆոլկլոր է, միգուցե նրա լեզուն այնքան էլ մաքուր չէր, այնքան բարձրարվեստ չէր, բայց շատ անկեղծ էր ու ջերմ, այսօրվա «ռաբիսից» ես բան չեմ հասկանում։ Ամեն մեկը կատարում է՝ ինչ ռիթմերով և խոսքերով խելքին փչում է, շատ անճաշակ և աններդաշնակ։

- Այո, դա վտանգավոր է առանձնապես հանդիսատեսի համար, քանի որ խափանվում է արվեստի առաջնահերթ՝ դաստիարակչական դերը։

- Իմ մանկության շրջանում, երբ փողոցով անցնում էր Լևոն Ներսիսյանը, օրինակ, (որը համալսարանում արտասահմանյան գրականություն էր դասավանդում, և որի դասախոսություններին հավաքվում էին ամենատարբեր բուհերից ուսանողներ, որոնք մի կերպ տեղավորվելով լսարանում, ոտքի վրա լսում էին), ծաղկավաճառից մինչև տաքսու վարորդ խոնարհվում և ողջունում էին նրան, փսփսում էին՝ Ներսիսյա՜նը, կամ Ֆրունզը… Այսինքն հեղինակություններ կային, այդ մարդիկ չափանիշներ էին իրենց գիտելիքներով, համեստ և խոհուն կենսակերպով, հոգու շռայլությամբ, շնորհքի առատությամբ։ Այսօր չափանիշները փոխվել են, ով երկու կոպեկ ավել ունի, կարևոր չէ՝ ինչ ճանապարհով է այդ փողերը դիզել, արդեն իրենց զգում են դրության տեր։ Այնքան քիչ իսկական մտավորականներ են մնացել Երևանում, որ ամեն ինչ պետք է անել գոնե նրանց պահելու համար։ Սփյուռքում ավելի ողորմելի վիճակ է։ Ես, որ իմ աշխատանքով վաստակել եմ հայ երգը աշխարհում սփռելու իրավունքը, ինչու՞ պետք է առաջին անգամ լինեմ Կրասնոդարում։ Իմ խնդիրը, երևի հասկանում եք, ինքնահաստատումը չէ, ես դուրս եմ եկել այդ տարիքից։ Իմ խնդիրը հաճելի, ճաշակով, գրագետ երաժշտություն քարոզելն է։

Ես ուրախ եմ, որ դահլիճում գնահատում էին իսկական հայկական երգը։

- Մարդիկ մեղավոր չեն, որ մինչև հիմա չէին լսել լավը, կատարյալը, արհեստավարժը։ Փոխանցու՞մ եք ձեր երաժշտական ավանդները ձեզնից հետո եկող սերունդներին։

- Այո, ես հպարտ եմ, որ Հայկոն, ինչպես նաև Անուշ և Ինգա Արշակյանները ինձ աշակերտել են որոշ ժամանակ և իմ թեթև ձեռքով կանաչ ճանապարհ են հարթել իրենց համար։ (Դա իրենք են ասում, այլապես ես անհամեստություն չէի անի)։ Ինչպես տեսաք, շատ բարձր մակարդակի ելույթներ են ունեցել «Եվրատեսիլում»։ Ամեն շնորհալի մարդ գտնում է իր ճանապարհը, կարևորը ճիշտ ուղղություն տալն է։ Ես չեմ կարողանում օժտված մարդու կողքով անտարբեր անցնել։ Տեսեք, ես ինձ հետ բերել եմ ճաշակով, գրագետ կատարողներ՝ Հասմիկին՝ իր շատ ժամանակակից ու ինքնատիպ երգերով, Արսենինը՝ իր հրաշալի արտիստիկ խոսքով, ավանգարդ մտածողությամբ և Մրոյին՝ կանգնած մեր ժողովրդական ազգագրական երգի ակունքների մոտ։ Արդեն ձևավորված թիմ ունեմ նրանց հետ։ Ինչու՞ եմ Հասմիկ Կարապետյանին սատարում, որովհետև նա ստեղծում է շատ ճաշակով երաժշտություն, ծանր աշխատանքով կատարում է հիանալի գործիքավորումներ, աշխատում է նվիրված ու եռանդով և իր չափի մեջ, իր կարողությունների համապատասխան իր ներդրումն է բերում մեր բեմարվեստին։ Արսենը շատ տաղանդավոր դերասան է, նրա մասին կարծիք կազմելու համար նրան պետք է տեսնել թատրոնում։ Բայց նա նաև հետաքրքիր երգում է երբեմն՝ անկեղծ և հաճելի։ Միշտ չէ, որ ներքին տրամադրությունդ համընկնում է գործիքավորման և կատարման այլ ատրիբուտների հետ։ Արսենը կարողանում է ներդաշնակություն գտնել և ստեղծել համամասնություն։

Ամեն ամառ մենք սրբազան պարտականություն ունենք համերգներով հանդես գալ զորամասերում, Հայաստանի Հանրապետության սահմանային շրջաններում և Արցախի դիրքերում։ Ամենաթեժ կետերում, ամենավերջին մեր ելույթը, օրինակ Օմարի գագաթին էր, Օմարի արծիվների համար, ես նրանց ցավը տանեմ։ Եվ եթե Աստված տա, դեռ երկար կշարունակեմ այսպես։

- Ես հիշում եմ՝ ինչ ուժ ու ներշնչանք էր հաղորդում պատերազմի տարիներին ծնված Ձեր զուգերգը Հայկոյի հետ՝ «Կյանքս Հայրենիքիս»։Այն սուր էր պատերազմող հայ զինվորի ձեռքում և դիմանալու զորություն՝ թիկունքի բազմաչարչար մայրերին ու կանանց։ Արվեստի ուժը անգերագնահատելի է մարդկանց գաղափարական դաստիարակության և աշխարհընկալման ձևավորման գործում։

- Առհասարակ հայ երգը մեծ առաքելություն ունի, մենք համերգներ էինք տալիս, որոնցից ստացած ոգևորությունը երբեմն անսահման էր, Մատաղիսի համերգից հետո, հիշում եմ, մոտեցավ մի զինվոր և հայտարարեց, որ իրենք պատրաստ ենք Գետաշենը ետ բերել։ Վազգեն սպարապետը ասում էր՝ ամենակարևորը զինվորի մեջ ոգին է։ Որտեղ ոգի չկա, այնտեղ չկա զինվոր։ Պատահական չէ, որ քանակով և սպառազինությամբ գերակշիռ թշնամու դեմ հաղթանակ տարավ հայկական բանակը։ Հակառակ կողմում կա զենք, կա զորք, կան ֆինանսներ, բայց չկա բովանդակություն, խելք ու համոզվածություն։
Բազմաթիվ անգամ քնել ենք զինվորների «կազարմաներում», ավտոբուսի մեջ, մի քանի անգամ մնացել ենք յոթերորդ պաշտպանականում, Հադրութում, Հորադիզում, Քարվաճառում։ Դա մեր հոգու պարտքն է, կատարելության ճանապարհի ամենաառաջին աստիճանը, մեր մեքքան։ Այդ ծրագրերը ինքներս ենք առաջարկում, իրականացնում, բարեգործական բնույթ տալիս։

Մեր խնդիրը զինվորի ոգին բարձրացնելն է, և մենք այդ համերգների ժամանակ մեզ նաև ուսուցիչ ենք զգում։ Զինվորը պետք է զգա հայկական ակունքամերձ բյուրեղային երգի և հակառակորդի կողմից լսվող անարվեստ «նեյնիմների» տարբերությունը, ըմբռնի սեփականի առավելությունը և ձգտի նաև դա՛ պաշտպանել։

- Մերկապարանոց քարոզներով ու լոզունգներով չէ անկասկած, որ պիտի հային հայ պահենք։ Ձեր կարծիքով` որո՞նք են ազգային ինքնագիտակցության արթնացման ու զարգացման առաջնային լծակները։

- Եթե իմանայիք, ինչ անպատմելի զգացողություններ ապրեցինք Անկախության տոնի առիթով Ստեփանակերտում։ Ես մի բան գիտեմ, հազարամյակներից եկող հայ մարդը, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը, պետք է վերլուծի ինքն իրեն՝ արդյո՞ք քրիստոնյայի վայել կյանքով է ապրում։ Արդյո՞ք իր արժանապատվությունը պահում է ամեն պարագայում։ Ես մի երջանկություն ունեմ՝ ինձ մոտեցել են չորս տարբեր մարդիկ և ասել են, որ իրենց ընտանիքներով Հայաստան են վերադարձել իմ «Իմ անուշ հայրենիք» երգի ազդեցության տակ, նրանից ստացած ապրումների հետևանքով։ Ես մի պահ անհանգստացա և հարցրի՝ իսկ զղջացե՞լ եք։ Նրանք բոլորն էլ բացասական պատասխան են տվել, բոլորն էլ գոհ էին, որ կատարել են իրենց կյանքի այդ ամենավճռական քայլը։ Ես իմ հայրենիքի նվիրյալն եմ, բայց հրաշալի հասկանում եմ, որ այլ երկրում բնավորված հայի համար բազմաթիվ դժվարությունների և խնդիրների հետ է կապված վերադարձի որոշում ընդունելը։

1988թ. երբ դուրս եկանք լեփլեցուն հրապարակ, մենք՝ 17-18 տարեկան պատանիներ, և Արցախ ու անկախ Հայաստան էինք ուզում, մեր մեծ մասը ազգային դեմքը և տեսակը կորցրած երդվյալ կոմունիստների երեխաներ էին, և նրանցից շատերը այսօր հերոսներ են, նրանք հայրենասիրական դաստիարակություն չէին ստացել, բայց նրանց մեջ արթնացավ հայի ոգին։ Իմ համակուրսեցիների մեծ մասը չկան, զոհվել են պատերազմում՝ Դեդը, Թաթուլը, Արթուրը, Պետոն… Կարևորը մարդկային տեսակն է, այն ուժեղ անհատականության դրսևորումը, որը ես շատ եմ կարևորում։

- Արվեստի աշխարհի մարդկանց կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբի՝ հորինող-ստեղծողներ, կատարողներ և տեսաբաններ։ Դուք ներկայացնում եք բոլոր երեք շերտերը միաժամանակ։ Ձեզ նմանները կարողանում են նոր ուղիներ բացել և կանխատեսումներ անել։ Ինչպիսի՞ն եք պատկերացնում Հայաստանի ապագան։

- Բոլոր խնդիրները, պրոբլեմները օրինաչափ են։ 20 տարին մեծ ժամանակահատված չէ։ Եվ հետո գիտեք, ես ապագայի մասին չեմ մտածում, ես ապրում եմ իմ երկրում, միշտ կապրեմ այնտեղ և ես անսասան լավատես եմ: