Թանգարանում ընթացող վերանորոգման աշխատանքներն ուղղված են ցուցասրահների բարեկարգմանը. Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումը

22:37 • 14.11.11

Երեկ Գյումրու «Շիրակ» կենտրոնն անդրադարձել էր Գյումրու «Ասլամազյան քույրերի» պատկերասրահի մի մասը բանկի վերածելու մասին տարածված խոսակցություններին   http://shirakcentre.org/hy/news/1302-shirakcentreorg : Այսօր խնդրի վերաբերյալ ստացվել է Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար` Լ. Աղեկյանի գրավոր պարզաբանումը։

«Վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցներում Գյումրու «Ասլամազյան քույրերի» պատկերասրահին առնչվող տեղեկատվությունը, իբր պատկերասրահի առաջին հարկը քաղաքապետի որոշմամբ հատկացվել է ինչ-որ կազմակերպության, և այն վերանորոգումից հետո ծառայելու է իբրև բանկ, կեղծ է և զուրկ` որևէ նույնիսկ աննշան հիմնավորումից:

Նման որոշում գոյություն չունի, իսկ թանգարանի առաջին հարկում ընթացող վերանորոգման աշխատանքները կատարվում են քաղաքապետարանի միջոցներով, ուղղված են ցուցասրահների բարեկարգմանը:

Սփռված այն ռեպլիկին, թե թանգարանի դռները երկուշաբթի օրը, ժամը 14 անց 45-ի դրությամբ փակ են եղել, հարկադրված ենք պատասխանել, որ երկուշաբթին թանգարանների հանգստյան օրն է»,- նշված է պարզաբանման մեջ։