Ես ինքս հաճախ կշտամբում եմ հայերին, բայց ուրիշներին թույլ չեմ տա նույնն անել. Ռոման Բալայան
«Հենց որ երևանցի ընկերներս իմանում են, որ պատրաստվում եմ արտասահման մեկնել, անմիջապես ինձ են տալիս տվյալ երկրում գտնվող ազգությամբ հայերի հասցեներ և ասում՝ գնա, տես նրանց։ Դա և զվարճացնում է, և վրդովեցնում։ Կներեք, բայց ինձ Իսպանիայում ավելի հետաքրքիր է շփվել իսպանացիների հետ, Ամերիկայում՝ ամերիկացիների։ Ես ինքս հաճախ կշտամբում եմ հայերին, բայց ուրիշներին թույլ չեմ դա անել։ Պուշկինը (ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը) տեսնում էր Ռուսաստանի բոլոր թերություններն ու սարսափները և խոսում էր այդ մասին, քանի որ սիրտը ցավում էր։ Չադաևը (ռուս փիլիսոփա, հրապարակախոս Պյոտր Չադաև-Tert.am ) ընդհանրապես կշտամբում էր Ռուսաստանը։ Երբ սիրում ես՝ չես կարող անտարբեր լինել»,– վրացական Тбилисская неделя պարբերականի հետ զրույցում ասել է հայազգի հայտնի կինոռեժիսոր, Ուկրաինայում բնակվող Ռոման Բալայանը։
Ռեժիսորը հավելել է, որ ինքն իրեն «աշխարհի քաղաքացի է» համարում, բայց ամեն տարի ժամանակ է գտնում ու հայրենիք այցելում։ «Ես աշխարհի քաղաքացի եմ։ Ամեն տարի 3–4 օրով Լեռնային Ղարաբաղ եմ այցելում՝ հարազատներիս տեսնելու։ Այնտեղ է եղբորս ընտանիքը, ծնողներիս գերեզմանը։ Շատ եմ կարոտում այնտեղի բնությունը, շփումը։ Չնայած այն հանգամանքին, որ ինտեգրվել եմ Ուկրաինայի հասարակությանը, այդուհանդերձ, իմ մեջ հայի արյուն է հոսում»,– պատմել է ռեժիսորը։
Ռոման Բալայանը, ռուս կինեմատոգրաֆիստների պատվիրակության կազմում, Թբիլիսի էր այցելել՝ ռուսական կինոյի փառատոնին մասնակցելու համար։ Փառատոնի շրջանակում ցուցադրվել է նաև նրա «Գիշերը լուսավոր է» ֆիլմը։
«Վերջին անգամ Թբիլիսի էի այցելել եկել 1988թ. Բարեփոխված Թբիլիսին ավելի պայծառ է դարձել։ Ում հնարավոր էր տեսնել՝ տեսել եմ, ում հետ հանդիպել չստացվեց, ծաղիկներ եմ ուղարկել տաքսու վարորդների հետ։
Բալայանը «բացահայտել է» նաև երիտասարդ երևալու գաղտնիքը. «Ազգականներս երկարակյաց են, նախապապս 119 տարի է ապրել, նախատատս՝ 124, տատս՝ 96։ Մայրս շատ գեղեցիկ էր, նրան կատակով «ռուս Մարո»–էին անվանում. երկարոտն էր և շիկահեր։ Նույնիսկ ծեր հասակում կառուցվածքը պահպանել էր։ Որևէ մեկը չի ասի, թե ես 70 տարեկան եմ։ Տղաս 45 տարեկան է՝ 30 տարեկանի տեսք ունի.... Ընդ որում՝ հաշվի առեք, որ ես ինձ առանձնապես «չեմ խնայում», դիետա չեմ պահում։ Ստաժավոր ծխող եմ»,– նշել է Բալայանը՝ ավելացնելով, որ երիտասարդության գաղտնիքը երկար ժամանակ միայնակ չմնալն է։
Ռեժիսորը պատմել է, որ այս պահին ֆիլմի պատվերներ չունի և մեկ տարի է՝ ֆիլմ չի նկարահանում։ Բալայանը 1990–ական թթ. Կիևում սեփական ստուդիան է հիմնադրել՝ «Իլյուզիոն ֆիլմ»–ը, որը զբաղվում է ոչ միայն նրա ֆիլմերի, այլև սերիալների նկարահանմամբ։ «Մենք մեկ տասնյակից ավելի սերիալներ ենք նկարհանել՝ ռուսական հեռուստատեսության համար՝ ռուսական փողերով, բնականաբար։ Երբ ինձ նախատում են այն բանի համար, որ ես ռուսական սերիալներ եմ նկարահանում, ես հպարտ հայտարարում եմ, որ պետությունից փող չեմ վերցնում»,–ասել է ռեժիսորը։
Կինոռեժիսորը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև իր և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հարաբերություններին։ «Ինձ նրա հետ ծանոթացրել է համակուրսեցիս։ Փարաջանովը իրեն լպիրշ էր պահում, և սկզբում ինձ ընդհանրապես դուր չեկավ, բացի այդ նրա անվան շուրջ տարբեր վատ լուրեր էին պտտվում։ Համակուրսեցիս, ցանականալով ցույց տալ, որ ինքը մտերիմ է Փարաջանովի հետ, մտերմավարի էր վերաբերվում նրան՝ նրան «դու»–ով էր դիմում ու «Սերյոժկա» անվանում։ Հրաժեշտ տալով՝ Փարաջանովն ինձ ասաց. «Հաջորդ անգամ արի, բայց առանց հիմարների»։ Իմ կարծիքն արմատապես փոխվեց, երբ տեսա նրա «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը։ Ֆիլմը շշմեցնում էր»,–հիշել է Բալայանը։
«Դերասանը չպետք է շատ խելացի լինի,–կարծում է Բալայանը,– հակառակ դեպքում քեզ չի լսի։ «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմի համար Մերեժկոն (Վիկտոր Մերեժկո, ռուս սցենրիստ, ռեժիսոր) առաջարկեց կանչել Լյուսյա Գուրչենկոյին (դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկո)։ Նա եկավ, սկսեց խաղալ՝ փայլուն և փառահեղ։ Ես տեսա, որ նա ինձանից բավական տաղանդավոր էր և հասկացա, որ նրան չեմ կարող վերցնել»,– ընդգծել է Բալայանը։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի ներկայաիս քաղաքականությանը. լրագրողի այն հարցին, թե ինչպես է ընկալում Ուկրաինայում տիրող քաղաքական իրադրությունը, Բալայանն ասել է. «Ռուս շովինիստներին և ուկրաինացի ազգայնականներին հավասարաչափ չեմ սիրում, սակայն հեռուստատեսությամբ ելույթներ չեմ ունենում։ Գիտեմ, կլինեն այնպիսիք, որ անպայման կասեն «ահա, հայտնվեց հայ հայրենասերը»։
Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայանը ծնվել է 1941 թ. ապրիլի 15–ին Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում: 1961–1964թթ. սովորել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում, իսկ 1969 թ. ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարոգոյի անվան Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։
Կինոյի բնագավառում առաջին քայլերը Բալայանը սկսել է 1973 թ.՝ նկարահանելով «Ռոմաշկինի էֆեկտը» ֆիլմը։ Նրան մեծ հռչակ է բերել հատկապես «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։
2008 թ. հոկտեմբերի 18–ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Ռոման Բալայանին «Սկյութական եղջերու» շնորհեց՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալից ավանդի համար։










