«Ազգ». Տաղանդավոր երիտասարդ դերասաններ կան, բայց ոճը հին է. Ժիրայր Փափազյան
Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի բացառիկ թողարկումը նվիրված է հայկական կինոյին և թատրոնին: Խմբագրակազմն ամսագրում ամփոփել է անկախության 20 տարվա ընթացքում հայկական կինոյի և թատրոնի ձեռքբերումները, նաև 2012-ին հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ ներկայացրել բացառիկ հարցազրույցներ հայկական կինոյի ամենահեղինակավոր դեմքերից` Վիգեն Չալդրանյան, Երվանդ Մանարյան, Հարություն Խաչատրյան:
Հայկական կինոյի և թատրոնի հոգսերը երբեք չեն վերջանում: Նրանք ունեն ֆինանսական, տեղի և այլ խնդիրներ: Քսան տարին բոլորած Համազգային թատրոնը սեփական շենք չունի: Նույն վիճակում է նաև Մնջախաղի պետական թատրոնը: «Հայ Ֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի մեկնաբանությամբ` մշակույթը չպետք է մտցնել սոցիալական ոլորտ: «Եթե նույն հարթակի վրա դնենք երկու հարցադրում` թատրոնի՞ն պետք է գումար տալ, թե՞ աուտիզմով հիվանդ երեխաների մանկատանը, հասարակության 99 տոկոսը գումարը կտա մանկատանը: Մինչդեռ երկուսին էլ պետք է տրվի, քանի որ եթե չլինի մշակույթ, ամբողջ ազգը կհայտնվի դանդաղ աուտիզմի մեջ»:
Սփյուռքի և Հայաստանի տարբեր բեմերում հանդես եկած դերասանուհի Նորմա Արմանիի գնահատմամբ` հայաստանցի հանդիսատեսը շատ զարգացած է. միջազգային թատրոնին ավելի տեղյակ, չի սիրում թեթև կամ անիմաստ ներկայացումներ: Ֆրանսահայ դերասան Ժիրայր Փափազյանի մեկնաբանությամբ` հայկական թատրոնը 1970-ականների մակարդակի վրա է: «Հատկապես խաղաոճը: Երիտասարդները խաղում են այնպես, ինչպես 20 տարի առաջ: Տաղանդավոր ջահելներ կան: Համազգայինում Սարոյանի գործը տեսա, լավ երիտասարդներ կային, բայց ոճը հին էր»:










