Վեճի առանցքում Խաչատուր Եսայանի նկարներն են

02:27 • 16.11.11

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր պահվում է ավելի քան 27 հազար ցուցանմուշ։ Տնօրինությունը հավաստում է, որ ցուցամնուշները ոչ միայն չեն պակասում, այլէ՝ ավելանում են։ Սակայն հայտնի նկարիչների դուստրերը պնդում են. Ազգային պատկերասրահից անհետացած և այստեղ գույքագրված նկարները տրված են եղել ցուցադրելու կամ ցուցադրելու և վերադարձնելու վերադարձնելու նպատակով։ Թեման ներկայացրել է «Ար» հեռուստատեսության «Ազդարար» լրատվականը։

Նկարիչ Խաչատուր Եսայանի դուստր Աստղիկ Մանվելյանը նշել է, որ տարիներ առաջ որոշ նկարներ հանձնել է Ազգային պատկերասրահին, սակայն իր հոր 100-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսում դրանցից շատերը չկային՝ չէին ցուցադրվում։ Ինքը, թեպետ փորձել է, սակայն չի կարողացել ճշտել, թե որտեղ են նկարները. ֆոնդապահը ցույց չի տվել։

Նկարիչ Ստեփան Սահակյանի դուստր Սիրանույշ Սահակյանը նշել է, որ հայրն ինքն է մի քանի նկար տրամադրել Ազգային պատկերասրահին «Ստացել ենք ստացական, որտեղ հստակ նշվում է, որ Ստեփան Սահակյանից իր սեփականությունը հանդիսացող Խաչատուր Եսայանի չորս գեղանկար և երեք գրաֆիկա վերցվում է Պատկերասրահի կողմից ցուցադրության նպատակով»,- ասել է նա՝ հավելելով, որ կար պարտավորություն, որ անմիջապես ցուցադրությունից հետո նկարները պետք է վերադարձվեին։

Ստացականը ձեռքին է, սակայն նկարները հետ ստանալ չի կարողանում. սկզբում Պատկերասրահից պարզաբանում էին, թե չեն վերդարձնում նաև Գյումրիում ցուցադրելու համար, սակայն մի օր Ստեփան և Սիրանույշ Սահակյանները հանդիպում են Պատկերասրահի ղեկավարության և Մշակույթի նախարարության պաշտոնյայի հետ։ Այստեղ նրանց ասվում է՝ այս նկարները ձեզ այլևս չենք վերադարձնելու, լավ կլինի՝ մոռանաք դրա մասին։

«Էդ նկարների հետին մասում կան տվյալներ, որը գրանցված են, այսինքն՝ ֆոնդային համարներ կան, գույքային, այսինքն՝ հանդիսանում է պետական գույք»,- ասել է Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։ Սակայն, ըստ Սիրանույշ Սահակյանի, Միրզոյանն այդ նկարները փորձել է «հարմար գներով» գնել նաև նախկինում։ «Խոսակցությունների կողմնակից չեմ, եթե կան փաստեր, բերեք, հետաքննություն սկսենք»,- ասել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։