Հայկի դաշնամուրի իմպրովիզի ազդեցությամբ Մարիամը կնկարի. առաջին անգամ Հայաստանում

12:15 • 17.11.11

Ժամանակակից արվեստի թանգարանում վաղը ժամը 18-ին յուրօրինակ անակնկալ է սպասվում ժամանակակից արվեստի սիրահարներին։ «Էպիկենտրոն» խորագրով ցուցահանդեսում կցուցադրվեն Մարիամ Խաչատրյանի՝ Մոկոյի աբստրակտ նկարները՝ դրանց ազդեցության տակ Հայկ Մելիքյանի գրած ստեղծագործությունների ուղեկցությամբ: Կհնչեն նաև Հայկ Մելիքյանի էքսպրոմտ կատարումները, որոնց ուղեկցությամբ նկարչուհին կփորձի նոր կտավ կերտել։

«Իրոք, յուրահատուկ երեկո է սպասվում բոլորին ու շատ անկնկալներ կլինեն։ Մենք ինքներս մեզ համար բացահայտելու շատ բան ունենք այդ երեկոյի ընթացքում»,– նշեց դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ ավելացնելով, որ շատ վաղուց են նախապատրաստվել այս ցուցահանդեսին։

Մարիամ Խաչատրյանը, հրավիրելով բոլորին ներկա գտնվել ցուցահանդեսին, նշեց, որ Հայաստանում երաժշտության ու կերպարվեստի այսպիսի ցուցադրության առաջին փորձն է. «Սակայն ես չեմ ուզում կարևորել այդ փաստը։ Ինձ համար շատ ավելի կարևոր է բովանդակային կողմը, որ մենք կուզենանք հասցնել մեր այցելուներին»,– ասաց նա։

Ասուլիսին ներկա մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սոնա Խաչատրյանը նշեց, որ ինքը համոզված է, որ ցուցահանդեսն իրոք բացառիկ է լինելու. «Մենք հատուկ ենք ցուցադրության համար ընտրել Ժամանակակից արվեստի թանգարանը, որպեսզի մեկ անգամ ևս լրագրողների և այցելուների ուշադրությունը հրավիրենք այս թանգարանի ողբալի վիճակի վրա։ Այսպիսի հիանալի նախագիծը այս պայմաններում ներկայացնելով` մենք ընդգծում ենք, թե ինչ պայմաններում է այսօր Հայաստանի միակ ժամանակակից արվեստի թանգարարանը»,– կարևորեց նա՝ ավելացնելով, որ թանգարանը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ, և իրենք հուսով են, որ նորանշանակ քաղաքապետի աչքից չի վրիպի այս հարցը։ «Մենք մի քանի անգամ առաջարկություններով դիմել ենք քաղաքապետարան և նորից պիտի դիմենք, մինչև այդ հարցի վերջնական լուծում ստանալը»,– նշեց նա։

Նախատեսվում էր ցուցահանդեսը շարունակել մինչև նոյեմբերի երեսունը, սակայն այնքան ցուրտ է, որ նկարները դեֆորմացվում են ու ես վստահ չեմ, որ կկարողանամ մի քանի օրից ավելի այնտեղ նկար թողնել»,– նշեց նկարչուհին։