Պիտի դադար տամ, ավելի լավ է հեռանալ հինգ տարի շուտ, քան հինգ րոպե ուշ. Հասմիկ Պապյան

01:42 • 18.11.11

«Երևանում ելույթ ունենալը շատ դժվար է՝ հանդիսատեսն այստեղ պահանջկոտ է։ Առավել հեշտ է երգել ամերիկացիների համար. նրանք, եթե տոմս են գնում, ուրեմն իրենք տրամադրված են, որ իրենց օրը պիտի տոն դառնա, և ինչպես էլ երգես, ծափահարելու են։ Իսկ Երևանում վատ երգեցիր, հաստատ կսուլեն»,- Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նշեց օպերային սոպրանո, աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը։

Նա կարևորեց երգչուհու մարդկային կերպարը՝ ասելով. «Անհատականությունը կարող է իր հետևից տանել՝ իր կեցվածքով, իր մտածողությամբ»։ Ըստ նրա՝ շատ հատկանշական դժվարություններ ունի հայ օպերային արվեստը, և դրանցից մեկն էլ այն է, որ ադմինիստրատիվ-գործադիր կերպի մեջ մի անհատականություն չի գտնվում, որ կարողանար իր ուսերին առնել և լուծում տալ օպերային մանր ու մեծ խնդիրներին։

«Ողջ աշխարհում ո՞ր ոլորտի երգիչներն են առավել լավ վարձատրվում» հարցին ի պատասխան՝ երգչուհին ասաց. «Շոու-բիզնեսի աստղերը, իհարկե, շատ ավելի լավ են վարձատրվում, բայց օպերային երգիչներն էլ պակաս չեն. ես չեմ դժգոհում։ Միայն մի բան կարող եմ ասել. որ ստացված այդ մեծ գումարներից օպերային երգիչները վճարում են շատ բարձր հարկեր՝ 53% երկրի հարկը, 10% մենեջերի, այլ վճարներ»։

Հասմիկ Պապյանի ամուսինը շատ լավ հայերեն խոսող և Հայաստանը սիրող գերմանացի է։ «Ամեն անգամ Հայաստանից հեռանալը աղջկաս համար շատ մեծ տրավմա է. եթե իր ուսման հարցը չլիներ՝ նա հիմա հաճախում է գերմանական դպրոց…»- նշեց երգչուհին։

Թվելով մոտ ապագայում ծրագրված իր համերգներն ու նոր դերերը՝ Հասմիկ Պապյանն ասաց, որ չի պատրաստվում բեմում մնալ շատ երկար։ «Պիտի դադար տամ, նաև որովհետև աղջիկս ինձ շատ է կարոտում. մեծանում է, պիտի իր հետ ավելի շատ ժամանակ անցկացնեմ,- ասաց նա։- Եվ նշեմ, որ իմ ուսուցչուհին՝ Տաթևիկ Սազանդարյանն ասում էր, որ ավելի լավ է հեռանալ հինգ տարի շուտ, քան հինգ րոպե ուշ։ Ես չեմ կարծում, թե երկար կմնամ բեմում. Գրեթե ամեն ինչ արել եմ. երգել եմ գրեթե բոլոր մեծ բեմերում, երգել եմ շուրջ 45 դեր. չեմ պատրաստվում երկար մնալ»։