Չինաստանի ամենահայտնի նկարիչը կասկածվում է պոռնոգրաֆիա տարածելու մեջ
Չինաստանի ոստիկանությունը հետաքննում է այլախոհ նկարիչ Այ Վեյվեյի գործը, ում մեղադրում են պոռնոգրաֆիայի տարածման մեջ: Այս մասին Այ Վեյվեյը պատմել է Agence France-Presse-ին:
Նոյեմբերի 17-ին ոստիկանությունը հարցաքննության է կանչել նկարչի օգնականին, ումից էլ Այ Վեյվեյը իմացել է, որ իր հանդեպ նոր մեղադրանք է առաջադրվել: Այ Վեյվեյը գործակալությանը հայտնել է, որ ավելի վաղ նրան մեղադրել էին պոռնոգրաֆիկ տարրեր պարունակող նյութերի արտադրման և տարածման մեջ, բայց նա դրան լուրջ չէր վերաբերվել:
Խոսքը վերաբերում է համարձակ լուսանկարներին, որոնցում Այ Վեյվեյը պատկերված է կանանց հետ: Նկարները հրապարակվել էին ինտերնետում: Լուսանկարներում նկարիչը պատկերված է կամ բոլորովին մերկ, կամ կիսամերկ: Թե կոնկրետ որ լուսանկարներն է ոստիկանությունը պոռնոգրաֆիա համարել, հայտնի չէ:
Այ Վեյվեյը չինացի ամենահայտնի նկարիչներից մեկն է և իր ծննդավայրում հետապնդվում է քաղաքական հայացքների պատճառով: Նա մի քանի անգամ ազատազրկման է ենթարկվել: Վերջին անգամ նա բանտում անցկացրել է 81 օր: Նրա ձերբակալությունը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ամբողջ աշխարհում: Նրան աջակցեցին մի շարք նկարիչներ և քաղաքական գործիչներ:
ArtReview հրատարակչությունը հոկտեմբերի 13-ին այլախոհ նկարչին ճանաչեց արվեստի աշխարհում 2011 թ. ամենաազդեցիկ մարդը:










