Մոսկվայում արգելում են ցուցադրել Մ. Խոդորկովսկու մասին ֆիլմը (տեսանյութ)
«Խոդորկովսկի» վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորն է գերմանացի Կիրիլ Տուշին, կցուցադրվի Մոսկվայի միայն մեկ կինոթատրոնում, քանի որ մյուս բոլորը, չնայած նախապես համաձայնեցված պայմաններին, վերջին պահին հրաժարվել են ֆիլմը ցուցադրել:
«Մեկ ամիս առաջ Մոսկվայում մենք ունեինք 7 հարթակ, բայց մեկ օրում բոլորը հրաժարվեցին ֆիլմից: Նրանք այն հանել են վարձույթից, և այժմ մենք Մոսկվայում ունենք միայն մեկ կինոթատրոն` «Էլդարը»»,- պատմել է Ռուսաստանում Kinoclub նախագծի պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Պապերնայան:
Նա ասել է, որ ցուցադրությունից առաջինը հրաժարվել է պետական «Москино» կինոթատրոնների ցանցը, ապա շղթայական ռեակցիայով հրաժարվել են նաև մյուս` մասնավոր կինոթատրոնները:
Պապերնայան նշել է, որ իրավական առումով վարձույթից հրաժարվելու համար կինոթատրոնները ոչ մի հիմք չունեին, քանի որ ֆիլմի ցուցադրության համար իրենք լիցենզիա ստացել էին:
Սակայն կինոթատրոնների տերերը մերժումը բացատրում են նրանով, որ իբր իրենք ցանկանում են սկզբում տեսնել, թե ինչ հաջողություն կունենա ֆիլմը «Էլդար»-ում և մարզային այլ հարթակներում, և հետո միայն դիտարկել ֆիլմի ցուցադրության հնարավոևությունը իրենց կինոթատրոններում:
«Մենք վախենում էինք, որ մեզ վարձույթի վկայական չեն տա: Մեր կարծիքով դա էր մեծագույն ռիսկը: Պարզվեց, որ շատ երկար սպասելուց հետո մենք վերջապես այն ստացանք, սակայն արդյունքում արգելքը սահմանվեց մեկ այլ` ոչ պաշտոնական մակարդակով, պարզապես զանգով», - gazeta.ru պարբերականին պատմել է Օլգա Պապերնայան:










