«Ազգ». Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի պրեմիերան հնչել է Գերմանիայում. ևս մեկուկես տարի այն կհնչի միայն այնտեղ

08:55 • 22.11.11

Նոյեմբերի 19-ին ժամը 20.00-ին Բեռլինի Ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում կայացավ Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին գրված «Ռեքվիեմի» համաշխարհային պրեմիերան՝ RIAS կամերային երգչախմբի, Մյունխենի կամերային նվագախմբի, մենակատարներ Քրիստինա Քայզերի (սոպրանո), էնդրյու Ռեդմոնդի (բարիտոն), դիրիժոր Ալեքսանդր Լիիբրայխի կատարմամբ: Համերգի առաջին բաժնում ականջին ծանոթ Մոցարտի «Ռեքվիեմն» էր, որ կատարվեց նույն կազմով, բայց տարբեր մենակատարներով: Գերմանական ռադիոն՝ Deuschlandradio Kultur-ը նոյեմբեր 20-ին ժամը 20.03-ին բացառիկ իրավունքով եթեր թողարկեց ոչ միայն համերգը, այլև ընդմիջման դադարը հագեցրեց Տիգրան Մանսուրյանի հետ հարցազրույց ներկայացնելով: Համերգի ռադիոհեռարձակման օրը պատահական չէր ընտրված, «Ռեքվիեմը» հնչեց Ծննդյան գիշերվան ընդառաջ Քրիստոսի գալստյանը նախորդող 4 կիրակիներին նախորդող կիրակին, որ մեռյալների հիշատակի կիրակի անվամբ է հայտնի Գերմանիայում, և կարելի է երևակայել, թե ինչպիսի հուզումով էր սպասում դրան ռադիոունկնդիրը:

«Շուրջ 10 տարի աշխատել եմ «Ռեքվիեմի» վրա, 3 տարբերակ եմ ստեղծել և կիսատ թողել: Ռեքվիեմը ծես է, իմաստ չուներ կապկել ուրիշի թատրոնը, ուՙ գտա բանալին՝ մանրանկարչության մեջ, առաջին անգամ կենդանացրի այն տիպաժները, որոնց այսօր էլ կհանդիպենք Երևանի կամ մեր գյուղերի փողոցներումՙ մեծ, սև աչքերով, նրանք են երգում: Լուսինե Զաքարյանի «Սուրբ սուրբը» և Մոցարտի «Սանկտուսը», մեր «Տեր, ողորմեան» և «Kyrie Eleison»-ը տարբեր բաներ են: Գերմանիայում «Kyrie Eleison»-ը ոչ այնքան խնդրանք է, որքան պահանջ: Մեր իրականությունն էր պետք բացել: Իրար եմ բերել երևույթներ, որ երբեք չեն միահյուսվել՝ մեր հոգևոր երաժշտությունը և լատինական տեքստը, որ միայն Վատիկանի սեփականությունը չէ, այլ մշակութային համընդհանուր արժեք: Այսօրվա ավանգարդ արվեստը սինթեզների համակարգ է՝ ինչը ինչին միացնել, ես շատ պարզՙ երկու իրարից հեռու համակարգերը միացնելով, մեր հնագույն ավանդույթների վրա եմ հիմնվել»,- մեկնաբանում է Տիգրան Մանսուրյանը:

Երևանում առիթը ե՞րբ կունենան ունկնդրելու «Ռեքվիեմը»: «Պայմանագիր կնքելիս անուշադիր եմ եղել, վստահել եմ հրատարակչիս և ստորագրել եմ, որ 1,5 տարի պիտի միայն գերմանացիները հնչեցնեն», ասում է մաեստրոնՙ հավելելով, թե RIAS կամերային երգչախումբն ու Մյունխենի կամերային նվագախումբն են ուզում գալ Երևան ու «Ռեքվիեմը» կատարել: Կհասցնե՞ն 2012-ի ապրիլի 24-ին այս ծախսատար նախաձեռնությունն իրականացնել, դեռևս պարզ չէ: