«Գեթթի» թանգարանից հայերը պահանջում են վերադարձնել Զեյթունի Ավետարանի ութ էջերն ու վճարել տուգանք

01:19 • 23.11.11

Զեյթունի Ավետարանի 8 էջերը վերադարձնելու պահանջով ԱՄՆ-ում հայ երիտասարդները բողոքի ցույց են կազմակերպել։ Մաշտոցի անվան Մատենադարանին էջերը վերադաձնելու պահանջը ձևակերպված է նաև դատարանում, և դատարանը կողմերին 120 օր ժամանակ է տվել համաձայնության գալու համար։ Այս մասին հաղորդեց Հ1 հեռուստատեսության «Առաջին լրատվականը»։

Աշխարհահռչակ «Գեթթի» թանգարանի դեմ անցյալ տարի դատական հայց է ներկայացրել Կիլիկիո կաթողիկոսությունը։ Թանգարանը հայցը կասեցնելու միջնորդությամբ է հանդես եկել, սակայն միջնորդությունը չի ընդունվել։

13-րդ դարի թվագրվող Զեյթունի Ավետարանը պատկերազարդել է Թորոս Ռոսլինը։ 1915թ ջարդերից փախչելիս Ավետարանը փոխադրվել է Մարաշ, որտեղ ի պահ է տրվել մի հայ բժշկի, ով էլ 1920թ ԱՄՆ տեղափոխվելիս կտրել և իր հետ բերել է Ավետարանի ամենագեղեցիկ պատկերազարդված առաջին ութ էջերը։ 1994թ բժշկի ընտանիքը թանկարժեք էջերը դրել է աճուրդի։ 950 հազար դոլարով դրանք գնել է «Գեթթի» թանգարանը։

Զեյթունի Ավետարանն այժմ պահվում է Մատենադարանում, որտեղ մինչև վերջերս տեղյակ չէին ութ էջերի գտնվելու վայրի մասին։

Ինչպես նշել է փաստաբան Վարդգես Եղյայանը, թե Գարեգին Բ կաթողիկոսից, թե Մշակույթի նախարարուհուց, թե Մատենադարանից ստացել են դատի ժամանակ իրենց իրավունքները ներկայացնելու համապատասխան հավաստագրեր։

Դատարանից հայերը պահանջելու են ոչ միայն վերադարձնել էջերը, այլև՝ վճարել տուգանք, որի չափը կորոշվի՝ ըստ էջերի արժեքի, որ մոտավորապես գնահատվում են 10-15մլն դոլար։ Տուգանքը պիտի կազմի գումարի եռապատիկի չափով։ Գեթթիի փաստաբանները կարծում են, որ դատական հայցն անհիմն է, քանի որ անցել է վաղեմության ժամկետը՝ 6 տարի գողոնը հայտնաբերելուց հետո։ Դատարանը, սակայն, դեռ կարծում է, որ պետք է ուսումնասիրել էջերի գողացվելու փաստը։