Ֆաբերժեի թանգարանը 1 մլն դոլարով գնել է թերթով, օղիով և ձվածեղով կոմպոզիցիան
Ֆաբերժեի թանգարանը իր հավաքածուն համալրել է արտասովոր մի աշխատանքով: Թանգարանն այն 1 մլն դոլարով ձեռք է բերել ռուսական ոսկերչական տնից: Այն իրենից ներկայացնում է քար՝ վրան ձվածեղ, թերթի կտոր, օղիով լի բաժակ, թեթև ուտեստեղեն, ծխախոտի մնացորդ: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
Չնայած թվացյալ հասարակ լինելուն` նատյուրմորտը ստեղծվել է ամենաթանկարժեք նյութերից:
Այսպես, աղյուսը պատրաստվել է հատուկ քարից`հասպիսից, սպիտակուցը`սպիտակ քարից, դեղնուցը`սաթից, թերթը, ձկները և ճանճերը` արծաթից, բաժակը և դրա պարունակությունը` բյուրեղապակուց, իսկ ծխախոտի մնացորդը`բյուրեղապակուց և որձաքարից:
«Այս աշխատանքը Ֆաբերժեի կողմից երբևէ ստեղծված ամենահետաքրքիր աշխատանքներից մեկն է»,- նշել է թանգարանի հիմնադիր Ալեքսանդր Իվանովը:
Ֆաբերժեի թանգարանը բացվել է 2009 թ.` Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում, Ալեքսանդր Իվանովի կողմից: Թանգարանի ամենաթանկարժեք ձեռքբերումը համարվում է 9 մլն ֆունտ արժողությամբ ձուն, որը ստեղծվել է 1902 թ:










