Մնձուրու գրականությունն ավելի տարածված է Թուրքիայում, քան Հայաստանում. Գրողներն անհանգստացած են

16:28 • 25.11.11

Ազգային գրադարանում այսօր նշում էին արևմտահայ գրող Հակոբ Մնձուրու 125 -ամյակը: Գրադարանի ճեմասրահում ցուցադրության էին հանվել գրողից մեզ հասած գրավոր ժառանգության բոլոր նմուշները: Իսկ հանդիսությունների սրահում Հայոց մեծ եղեռնի արհավիրքն ապրած, բայց կենսասիրությունն ու լավատեսությունը երբևէ չկորցրած գյուղագրի կենսագրության ու գրականության մասին քննարկումներին մասնակցում էին գրողներ, բանասերներ ու ուսանողներ:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ Հակոբ Մնձուրու աշխարհը դեռևս լիովին բացահայտված չէ: Նրա գրականությունը նման է իր կենսագրությանը` առաջին հայացքից պարզ, բայց միևնույն ժամանակ խորն ու մտածելու տեղիք տվող: Գրողներն անհանգստացած են` Մնձուրու գրականությունը ավելի տարածված է Թուրքիայում և այլ երկրներում, քան Հայաստանում: «Մնձուրու աշխարհը շատ քիչ է բացահայտված և ցավով պիտի նշեմ, որ շատ քիչ ջանք ենք գործադրում այսօր այդ սխալն ուղղելու համար:

Մնձուրին վերահրատարակման կարիք ունի, նրա գործերը պետք է նորից ուսումնասիրվեն ու փոխանցվեն նոր սերունդներին, քանի որ նա իսկապես արժեքավոր գործեր է թողել, որոնք չեն կորցնում իրենց արդիականությունը անգամ մեր օրերում»,- tert.am –ի հետ զրույցում ասաց գրականագետ Արթուր Անդրանիկյանը: