Եղել է ժամանակ, երբ լրիվ կերպարիս ազդեցության տակ էի. Ստյոպիկի դերակատարը՝ իր հերոսի ու իր մասին
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Ստյոպիկի կերպարը մարմնավորող դերասան Դավիթ Մարդյանը խոստովանում է, որ ինչ-որ ժամանակ կերպարի ազդեցության տակ է եղել ու իրեն հարուստի որդի է երևակայել։
«Եղել է ժամանակ, երբ լրիվ կերպարիս ազդեցության տակ էի: Դեռ մայիսին ես ես չէի. տուն էի գնում, քնում էի, իսկ առավոտյան արթնանալուն պես դուրս էի գալիս. լրիվ դերիս մեջ էի մտել, ինձ հարուստի տղա էի զգում: Հետո հասկացա, որ դա ճիշտ չէր»,- Tert.am-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանը: Ըստ նրա՝ ֆիլմում նկարահանվելիս շատ խնդիրներ են ծագում, առաջին հերթին՝ միջավայրի խնդիրը: «Ես պրոֆեսիոնալ դերասան չեմ, սակայն վստահ եմ, որ եթե դերասանը ինքն իր վրա չաշխատի, ոչինչ չի ստացվի, կոպիտ ասած «կմնա դերի տակ»: Դա շատ բացասական երևույթ է»,- նկատեց դերասանը, որը չի համարում, որ կարիերա ունի. «Հասարակ ուսանող եմ: Սովորում եմ «Arnoma production»-ում: «Դժվար ապրուստ» հեռուստասերալում հայտնվել եմ քասթինգի միջոցով, ու բազմաթիվ մարդկանցից ընտրեցին հենց ինձ զուտ այն պատճառով, որ արտաքնապես համապատասխանում եմ էդ «խուժան» կերպարին»,- ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ նմանություններ ունեն Դավիթն ու Ստյոպիկը, դերասանն ասաց. «Մի անգամ ես հարցազրույց էի տվել, սխալ բաներ էին գրել այն առումով, որ ես կենսուրախ մարդ եմ: Ճիշտ է, ես կենսուրախ մարդ եմ, բայց Ստյոպիկը կենսուրախ չի. նա պարզապես խանդոտ է: Իմ ու Ստյոպիկի միջև ամենամեծ նմանությունը հիվանդանոցներ չսիրելն է: Ես տանել չեմ կարողանում հիվանդանոցները: Բացի նկարահանումներից ուրիշ առիթով չեմ գնացել ու մի կերպ եմ նկարահանվում. դրա համար էլ, երևի, բնական է ստացվում»:
Դավիթը նշեց, որ ինքը կոնֆլիկտներ ստեղծող մարդ չի, սակայն երբ իր «ոտքը տրորում են», պատասխանում է նույն կերպ։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ արձագանքներ եք ստանում հասարակությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դերասանին ընդունում են որպես իր խաղացած կերպարի, երիտասարդ դերասանը հիշեց մի դեպք, երբ եկեղեցում պատարագի ժամանակ իրեն է մոտեցել տարեց մի կին և հանդիմանել՝ «Չե՞ս ամաչում՝ աղջկա վրա ձեռք ես բարձրացնում»:
«Իրականում ես աղջիկների հետ շատ նուրբ եմ, ընդամենը մի անգամ եմ աղջկա վրա ձեռք բարձրացրել, սակայն դա շատ վաղուց էր, երբ դեռ դպրոցական էի: Մեր դասարանում մի աղջիկ կար, ինքը հաստ ունքեր ուներ, ինձ մի անգամ ասաց. «Դավ, էս ունքերդ հանում ե՞ս»: Ես էլ բարկացա, դե երեխա էինք, նեղվում էինք, ու նրան հրեցի: Նախանձում էր, էլի, ունքերիս համար»,- կատակեց Դավիթը՝ շարունակելով. «Ընդհանրապես չեմ ընդունում, որ տղամարդը կնոջ վրա ձեռք է բարձրացնում, քանի որ կարծում եմ, որ միայն թույլ տղամարդը կարող է իրեն նման բան թույլ տալ: Հետո Հայաստանում, երբ բացասական դեր ես խաղում, համ տպավորությունն է վատ, համ էլ միշտ բացասական դերեր են տալիս, թեպետ նշեմ, որ իմ կերպարը աստիճանաբար փոխվում է: Ու շատ դեպքերում լավ բաներ էլ եմ լսում իմ հասցեին: Չստացվի, որ գովաբանում եմ ինձ, բայց դե շատ հաճախ են ասում. «Քո աչքերը ունեցող մարդը վատ դեր չի կարող խաղալ»»:
Դավիթ Մարդյանը ապագա ծրագրերի մասին խոսել չի սիրում, կարծում է՝ ինչ լինելու է, կլինի։
Խոսելով իր անձնական կյանքի մասին՝ դերասանը խոստովանեց. «Ես միշտ սիրել եմ, որ ինչ-որ մեկը լինի իմ կողքին, որ ես ուրիշ ոչ մեկին ուշադրություն չդարձնեմ: Հիմա իմ կողքին հենց այդպիսի մեկը կա, շփվում եմ մի աղջկա հետ, հիմնականում` վիրտուալ: Երբ բոլորը քեզ այլ կերպ են ընդունում ու կա մեկը, որը քեզ թեկուզ ուշադրություն է նվիրում, դա արդեն իսկ մեծ բան է: Կարելի է ասել, որ ընկերուհի ունեմ»: Դավիթը նաև հատուկ շեշտեց. «Ես ամուսնացած չեմ, երեխա ու կին չունեմ ու չեմ ապրում 2-րդ Մասիվում: Ես եղբայր ունեմ, նա ամուսնացած է ու մի փոքրիկ ունի: Շատ նման ենք իրար ու շատ դեպքեր են լինում, երբ մարդիկ մեզ շփոթում են»:










