Ես զարմանում եմ էս վախկոտության վրա. դա քաղաքական մշակույթի մեջ ամենավատ բանն ա. Վահրամ Մարտիրոսյան
Մեր օրենքներով, մեր չափանիշներով մենք փորձում ենք նմանվել Եվրոպային, բայց մեր մտայնությունը ռուսական է։ Այս կարծիքն այսօր հայտնեց գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման հյուրասրահում։ «Էստեղ իհարկե, կա սրբազան տրանսֆերտների հարցը, որ հայերը գնում են և ուղարկում, բայց մենք պետք է հասկանանք, որ էդ երկիրը անկանխատեսելի երկիր ա, ուր ամեն րոպե կարող են վերսկսել «պոգրոմները»։ Պետք չի թողնել, որ գործը հասնի տաջիկների վիճակին, երբ երկու ռուս օդաչու էին ձերբակալել [Տաջիկստանում], ստիպեցին, որ նրանց ազատ արձակեն՝ [Ռուսաստանից] դուրս քշելով բազմահազար տաջիկների»,- նշեց նա՝ հավելելով, որ մեր հանդեպ ռուսներն արհամարհանք են դրսևորում թե քաղաքական, թե հասարակական մակարդակով։
«Ռուսներն իրենց ազգային տոնի օրը՝ նոյեմբերի 4-ին կազմակերպել էին հսկա երթ՝ «Ռուսական». երթի մասնակից երիտասարդները վանկարկում էին «Խփիր Խաչիկներին, փրկիր Ռուսաստանը»։ Եվ ի դեպ, այդ երթից հետո ոչ մեկի չեն ձերբակալել՝ թե ինչու էիք նման բան ասում։ Ես զարմանում եմ, որ հայկական կողմից ոչ մի արձագանք չի եղել. ես զարմանում եմ էդ վախկոտության վրա. քանի որ վախկոտությունը քաղաքական մշակույթի մեջ ամենավատ բանն ա»,- նշեց գրողը։
Նախկին խորհրդային երկրների համագործակցության նոր պլատֆորմների, քաղաքակրթության նոր մակարդակների բարձրանալու, խոսքի ազատականացման մասին, ըստ Մարիտիրոսյանի, խոսակցություններն անհիմն են։ «Ինչ որ Ռուսաստանում հիմա հայտարարում են [կառավարողները], դրանց արդեն ոչ ոք չի հավատում՝ ոչ աշխարհը, ոչ հենց իրենք՝ ռուսները, քանի որ այդ բարի ցանկությունների մասին խոսում են, բայց իրենց գործերով լրիվ հակառակն են ցույց տալիս»,- ասաց նա։
Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով՝ հարկ է խուսափել Ռուսաստան գնալուց, գոնե ձգտել գնալ Եվրոպա։ «Քանի որ Եվրոպայից գալիս են քաղաքակրթված, Ռուսաստանից՝ վայրենացած»,- ասաց նա։










