Mister X-ը համերգի ժամանակ պատմեց իր երազանքի մասին

14:34 • 27.11.11

Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ երեկոյան տեղի է ունեցել Mister X-ի` Արթուր Հակոբյանի մենահամերգը: Համերգը անցել է լեփ-լեցուն դահլիճում: Երկու մասից բաղկացած համերգին ապահովվել է կենդանի հնչողություն`Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կողմից` Երվանդ Երզնկյանի և Մարտին Վարդազարյանի ղեկավարությամբ:

Համերգին հիմնականում պրեմիերաներ են եղել, ինչպես նաև կատարվել են երգչի սիրված երգերը: Համերգի ընթացքում կատարվել են նաև զուգերգեր:

Երգիչը բացահայտեց, թե ինչու են մեծամասամբ օտարալեզու ստեղծագործություններ կատարում. «Քանի որ ես շատ եմ ունենում մենահամերգներ արտերկրում` թե հայ համայնքի, թե օտարերկրացիների համար, դա էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի իմ երգացանկի երգերը լինեն բազմալեզու, սակայն երբ մի անգամ արտերկրում համերգի ժամանակ երգեցի «Ավե Մարիա» երգը հայերեն բառերով, այնտեղ գրեթե ոչ ոք չէր հասկացել, թե ինչ լեզվով է և բոլորին դուր էր եկել ու նրանք հետաքրքրվում էին, թե ինչ լեզվով էր այն հնչում»:

Համերգին ներկա են եղել Արթուրի ընկերները, շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Երգիչը հատուկ ուշադրություն դարձրեց դահլիճում ներկա դերասան Կարեն Ջանիբեկյանին, և պատմեց իր կյանքի բաղձալի երազանքներից մեկի մասին, որին, նրա խոսքով, այդպես էլ չի հասել. «Երբ ես դեռ փոքր էի, երազում էի դառնալ դերասան: Հետո արդեն սկսեցի պարապել, որպեսզի ընդունվեմ դերասանական բաժին, սակայն իմ երազանքը այդպես էլ ի կատար չածվեց, քանի որ չգիտես ինչու` ես չգնացի քննություններին»:

Բոլոր երգերն ընդունվել են բուռն ծափահարություններով և մեծ ոգևորությամբ, սակայն «Օ լարե» երգի կատարման ընթացքում շատերը պարել են, հատկապես օթյակի հանդիսատեսը: