Մեզ փրկողը լինելու է մեր բարոյականության չափն ու կշիռը. Տիգրան Մանսուրյան

00:38 • 29.11.11

Հոգևոր առաջնորդների այս եռակողմ հանդիպումը շատ նշանակալի իրադարձություն է։ Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Ըստ նրա՝ հոգևոր աշխարհի մեծագույն այրերը քաղաքական բնագավառի մարդիկ չեն, բայց նաև դարերի ավանդույթը հանգեցրել է նրան, որ նրանք իրենց շուրջ միաբանել են հոծ զանգվածներ։ «Եվ երբ, կարծես թե, ըստ հավատքի, ըստ կրոնական պատկանելության, միևնույն դավանանքը ունեցող մարդկանց միջև կա եզր, դա նվազ դրամատիկ է, քան այն իրադրությունը, որի մեջ մենք ապրում ենք։ Իմ խորին համոզմամբ, հիմա տեղի է ունենում շատ նուրբ և հեռահար հարաբերությունների սաղմնային մի վիճակ՝ քաղաքական առումով»,- նշեց նա։

Ըստ հանրահռչակ կոմպոզիտորի՝ մենք, ըստ էության, շատ ենք ապավինել մեր ճարպկությանը՝ մանր ճարպկությանը, սակայն «մեզ փրկողը լինելու է մեր բարոյականության չափն ու կշիռը, որ իբրև ժառանգություն հասել է մեզ»։

Տիգրան Մանսուրյանը խոսեց նաև բարձրարվեստ երաժշտության և թեթևաբարո փնտրտուքների մասին՝ խնդիրը որակելով «երաժշտասոցիոլոգիական» համաշխարհային խնդիր։ «Ես շատ եմ ցավում այս ամենին ի տես, սակայն կարծում եմ, որ սա աղավաղումների միայն մակերեսն է, մեր խորքը մաքուր է, և տարիքի հետ հայ մարդը գալու է այս կետին»,- ասաց նա։ «Ռեքվիեմ»-ը գրելիս կոմպոզիտորը վստահ է եղել, որ ունկնդիրն ապրելու է վեհության, Ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ հարգանքի զգացում. «Այն հնչեց Գերմանիայի չորս քաղաքներում, և դա միայն երաժշտության նկատմամբ վերաբերմունք չէր»,- ասաց նա։

Մեծավաստակ կոմպոզիտորին բնավ չեն նեղում շոուները, և այն վերաբերմունքը, որ դրսևորվում է դրանց հանդեպ։ Նա լսում է ամեն բան, կարող է ընդունելի համարել ցանկացած՝ անկեղծ գրված երաժշտական ստեղծագործություն՝ «պայմանով, որ դրանք ամենքը լինեն իրենց տեղերում»։

Տիգրան Մանսուրյանը կամենում է աշխատել մի նոր մեծակտավ ստեղծագործության վրա՝ գրել Հայոց Պատարագ, և կկամենար իր աշխատանքը պահանջված տեսնել հայ եկեղեցու համար։ «Իբրև հայ մարդ, որ հավատում է հայ եկեղեցուն, հավատում է Կոմիտասի ժառանգությանը, ես կուզեի այսօր առավել օգտակար լինել. սակայն կարծում եմ, որ եկեղեցին այսօր առավել շատ իր նյութական հարցերն է ոտքի կանգնեցնում, քան հավելյալ մի նոր Պատարագ ստեղծելուն է ուշադիր»,- ասաց նա։