«Մանկական Եվրատեսիլի» տոմսերը չեն սպառվել. Պատվիրակության ղեկավարը հերքում է
«Մանկական Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքները եզրափակիչ փուլում են: Եվրոպայից Հայաստան ժամանած պատվիրակությունները իրենց վերջին փորձերն են անցկացնում մարզահամերգային համալիրի բեմում և պատրաստվում լավագույնս ներկայանալ հանդիսատեսին: Մրցույթի կազմակերպիչների խոսքերով՝ Հայաստանը ներկայացնող Դալիթան վճռական է տրամադրված և հավանականությունը, որ Հայաստանը երկրորդ անգամ կհասնի բարձունքի, մեծ է:
Հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հերքել է համերգի տոմսերի սպառված լինելու փաստը: Ըստ նրա՝ տոմսերը սպառվում են մեծ արագությամբ, բայց և գլխավոր փորձին և հիմնական ծրագրին մասնակցելու հնարավորություն դեռ կա: «Մանկական Եվրատեսիլի» տևողությունը չի փոփոխվի: Երեխաները բեմում կլինեն ավելի քան երկու ժամ, սակայն այս տարի քվեարկությունը կսկսվի բոլոր ելույթների ավարտից հետո:Մրցույթը կավարտվի շքեղ հրավառությամբ։ «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն նաև Սիրուշոն ու Վլադիմիր Արզումանյանը: Շոուի մյուս անակնկալների մասին կազմակերպիչները դեռ լռում են:










