100 համերգների շարքը մեկնարկեց, մնաց 99 համերգ մինչև 2015 թվականը
Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ երեկոյան տեղի է ունեցել «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» ծրագրի առաջին համերգը։ Համերգների շարքը սկսվում է Երևանից և մինչև 2015թ. 99 բեմերում պետք է հնչի հայ երգը, հայ մշակույթը։ «Միջոցառման շրջանակներում նախատեսվում է կազմակերպել գիտաժողովներ, ցուցահանդեսներ, սեմինարներ թե Հայաստանում և թե Հայաստանից դուրս` աշխարհի տարբեր անկյուններում, որով էլ մենք շնորհակալություն կհայտնենք աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց, որոնք ինչոր ձևով աջակցել և օգնել են հայ ազգին, ինչպես նաև փրկել են հայերին մահից արտագաղթի և այլնի ժամանակ:
Ովքեր հանդես կգան այդ համերգների շրջանակներում, անմեղ զոհերի չորորդ-հինգերորդ սերունդն են հանդիսանում: Դե իսկ ցեղասպանության թանգարանն էլ ամեն ինչով կաջակցի և կսատարի», - համերգի սկզբում ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Երևանյան համերգին մասնակցում էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի փողային կազմը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Իսկ այս ամենը կայանալու է ՀՀ Մշակույթի նախարարության և Փյունիկ Համահայկական հիմնադրամի աջակցությամբ:










