ԱՄՆ կինոքննադատներն ընտրել են տարվա լավագույն ֆիլմը, ռեժիսորին ու դերասաններին
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը (National Board of Review of Motion Pictures, NBR) հայտարարել է 2011թ.–ի կինոյի ոլորտի լավագույններին: 2011թ.–ի լավագույն ֆիլմ է ճանաչվել «3D ժամանակի պահապանը» ֆիլմը, իսկ տարվա լավագույն ռեժիսոր`ֆիլմը նկարահանած Մարտին Սկորսեզեն:
Ինչպես հաղորդում է OpenSpace-ը, «Ժառանգները» կատակերգությունում հանդես եկող Ջորջ Քլունին ճանաչվել է լավագույն դերասան, նրա խաղընկերուհի՝ Շեյլին Վուդլին, ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, իսկ ֆիլմը նկարահանող խումբը հաղթող է ընտրվել «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում:
Կինոքննադատները «Կևինի հետ ինչ-որ բան այն չէ» ֆիլմի դերասանուհի Թիլդա Սուինտոնին ճանաչել են լավագույն դերասանուհի:
«Ես քաղցկեղ ունեմ» ֆիլմի սցենարի հեղինակ Ուիլլ Ռայզերը, որը նաև ֆիլմի դերակատարներից մեկն է, NBR–ի կողմից ճանաչվել է օրիգինալ սցենարի լավագույն հեղինակ և երկրորդ պլանի լավագույն դերասան։
«Տարվա հայտնություն» են ճանաչվել միանգամից երկու դերասանուհիներ` Ֆելիսիթի Ջոնսը, որը նկարահանվել է «Ինչպես խելագար» ռոմանտիկ դրամայում և Ռունի Մարան` «Վիշապի դաջվածքով աղջիկները» ֆիլմից: Լավագույն ռեժիսորական դեբյուտի է արժանացել Ջեյ Սի Չենդորան`«Ռիսկի սահմանը» ֆիլմի համար:
Լավագույն դերասանական կազմի համար հաղթող է ճանաչվել «Սպասուհին» ֆիլմը, իսկ լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադի «Նադերի ու Սիմինի բաժանությունը» ֆիլմը: Լավագույն վավերագրական ֆիլմն է «Կորսված դրախտ. մաքրագործում», մուլտֆիլմը` «Ռանգոն»:
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է 110 կինոքննադատների, կինոգետների, ուսանողների: Այն հիմնադրվել է 1909թ.–ին և 1929թ.–ից սկսած` ամեն տարի անցկացնում է հանդիսավոր արարողություն, որի ժամանակ մրցանակներ է հանձնում տարվա լավագույններին:










