Ստանիսլավսկում կբեմադրվի Դովլաթովի «Աբանամատ» ներկայացումը

13:44 • 15.12.11

«Դուք ձեզ հայ զգո՞ւմ եք»,–հարցրել են հայտնի հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովին, իսկ նա պատասխանել է. «Ոչ, ես ինձ հայ չեմ զգացել, ռուս չեմ զգում, հրեա էլ չեմ զգում, սակայն երբ հանդիպեցի հայ գրող Հրանտ Մաթևոսյանին հասկացա, որ իմ մեջ հայկական սեր է արթնանում Հայաստանի և հայի նկատմամբ»:

Այս մասին այսօր Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում լրագողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը:

Իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը ավելացրեց. «Ես նրա աշխատանքներից մեկում կարդացել եմ՝ մենք հայերով պետք է միավորվենք, միասին լինենք և միայն այդ ժամանակ մեզ կսկսեն հարգել, նույնիսկ վրացիները»:

Դեկտեմբերի 16, 17-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնվի «Աբանամատ» ներկայացումը, որը ընկած է ռուս գրող Դովլաթովի մի քանի պատմվածքների հիման վրա: Թատրոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Գրիգորյանն ու Կոնստանտին Բալայանը:

«Միակ ռուսական թատրոնը միշտ հանդես է եկել նորարական մտքերով և դրանցից մեկն է «Աբանամատը»: Ուրախ ենք, որ հայ հասարակության համար անծանոթ ստեծագործող է ներկայանում»,-ասաց Վարդան Գրիգորյանը:

Ներկայացման բեմադրիչ Ստեփան Զոհրաբյանը ներկայացման վրա աշխատելու համար ժամանել է Մոսկվայից։ Նա նաև նշեց, որ  մեծ ոգևորությամբ են աշխատել ներկայացման վրա:

Կես տարի է անհրաժեշտ եղել ներկայացմանը պատրաստվելու համար: