Դուբայի միջազգային կինոփառատոնում Հայաստանը ներկայացրել է Թամարա Ստեփանյանը

12:11 • 15.12.11

Դեկտեմբերի 7-14-ը տեղի ունեցավ Դուբայի 8-րդ միջազգային կինոփառատոնը։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, փառատոնն աչքի ընկավ իր շքեղությամբ, մրցանակների հեղեղով և մասշտաբայինությամբ։ Ինչպես նշված է կինոփառատոնի պաշտոնական կայքում՝ այս տարի փառատոնը ռեկորդային՝ 40-ից ավելի մրցանակներ շնորհեց։ Այս տարվա ամենահեղինակավոր հյուրերի թվում, անկասկած, կարելի է նշել Թոմ Քրուզին, ով եկել էր իր նոր ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար, ինչպես նաև՝ Վերներ Հերցոգին, ում շնորհվեց հատուկ մրցանակ՝ «Համաշխարհային կինոյում մեծ ավանդ ունենալու համար»։

Սակայն մեզ համար առավել հետաքրքրականն այն էր, որ այս տարի փառատոնի կարճամետրաժ «Մուր Ասիա-Աֆրիկա» ծրագրում մասնակցում էր Հայաստանը ներկայացնող, լիբանանահայ՝ Թամարա Ստեփանյանը։ Նրա՝ «Փետրվարի 19-ը» ֆիլմը ցուցադրվել է երկու անգամ և մեծ հետաքրքրություն առաջացրել հանդիսատեսի մոտ։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Երևան-Թբիլիսի երթուղին կատարող գնացքում։

Հավելենք, որ Դուբայի կինոփառատոնն այս պահի դրությամբ համարվում է կինոոլորտի Մերձավոր Արևելքի ամենախոշոր միջոցառումը։ Այն հիմնականում համախմբում է արաբական աշխարհի կինեմատոգրաֆիստներին։ Սակայն, ինչպես նշում են կինոփառատոնի կազմակերպիչները՝ նրաք միտում ունեն շատ կարճ ժամանակահատվածում մրցակիցներ դառնալ այնպիսի հեղինակավոր կինոփառատոների, ինչպիսիք են՝ Կաննը, Բեռլինը, Վենետիկը, Բուսանը, Ռոտերդամը և այլն։