Անտարբերության սառույցը պետք է կոտրվի. Վարդան Պետրոսյանը՝ ցմահ դատապարյալների մասին

16:16 • 15.12.11

Ընդամենը 3 մլն բնակչությունը ունեցող Հայաստանում կա 103 ցմահ բանտարկյալ, իսկ 20 մլն բնակչություն ունեցող Ավստրալիայում՝ 57 ցմահ բանտարկյալ: Այս մասին այսօր ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ. ՄԱՐԴ» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Զարուհի Մեջլումյանը, ով լրագրող է և զբաղվում է մարդու իրավունքների խնդիրների հրապարակմամբ: Ըստ նրա՝ այս թիվը աննախադեպ է:

«Սրա մասին խոսեց նաև Թոմաս Համմարբերգը, դատախազը ևս պարբերաբար անդրադառնում է այս խնդրին, բայց դեռ ոչինչ չի արվում: Մենք անընդհատ բարձրաձայնում ենք դատական սխալների մասին, որը ընդունում են անգամ ամենազարգացած երկրներում: Մենք չունենք դատական գործերի վերանայման ինստիտուտ, ցմահ բանտարկյալի դատական գործի վերանայման նախադեպ»,-ասաց նա:

Զարուհի Մեջլումյանը տեղեկացրեց նաև, որ 97 ցմահ դատապարտյալներ արդեն դիմել են դատարան` պատժաչափերի վերանայման խնդրով, սակայն ըստ նրա` գործերը քննվում են, բայց պատժաչափերը մնում են անփոփոխ:
Շնորհանդեսին ներկա դերասան Վարդան Պետրոսյանի խոսքերով` իրենք տարբեր ատյանների են դիմել ցմահ բանտարկյալների պատժաչափերը վերանայելու համար:

«Մենք այսօր մեր ձայնը բարձրացնում ենք, որ կոտրենք անտարբերության սառույցը։ Նաև ուզում ենք հասկանալ թե ինչու դատաիրավական մարմինները չեն ուզում անդրադառնալ այս հարցին: Ես հասկանում եմ, նրանք վախենում են` էս մեկինը նայենք, էն մեկը գլուխ կբարձրացնի, թող բարձրացնի, թող վերանայեն»,-ասաց Վարդան Պետրոսյանը: