Գիսանե Պալյանը «Եվրատեսիլի» բեմում միանշանակ «Dorians» խումբն է տեսնում
«Empyray» խմբի ստեղնաշարային գործիքներ նվագող և երգերի հեղինակ Գիսանե Պալյանը խոստովանում է, որ երբ իրեն հարցնում են Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի մասին, նրա պատասխանը միանշանակ է`մրցույթի անցկացման վայրը իր համար կարևորություն չունի: «Ես ընդհանրապես «Եվրատեսիլ» մրցույթի երկրպագու չեմ: Ոչ թե ասում եմ այդպես, որովհետև մոդայիկ է դարձել հայտարարել, որ «Եվրատեսիլ» չեն դիտում ու չեն հետևում ընթացքին: Անկեղծ եմ ասում, ինձ այդ մրցույթը չի հետաքրքրում»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Գիսանե Պալյանն ու բացատրեց նման հայտարարության պատճառը:
Նրա խոսքերով, ինքը սկսել է դիտել «Եվրատեսիլը», երբ Հայաստանը իր ելույթով առաջին անգամ ներկայացավ մրցույթին: Հիշեցնենք, որ 2006 թվականին «Եվրատեսիլ»-ում Հայաստանը առաջինը ներկայացրեց Անդրեն` «Without Your Love» երգով: Նա հավաքեց 129 միավոր` զբաղեցնելով 8-րդ տեղը: «Ես դիտեցի մրցույթը` մասնագիտական հետաքրքրությունից դրդված: Հետաքրքիր էր հետևել ու հասկանալ, ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչպիսի՞ն են տենդենցները: Հավատացնում եմ ձեզ, այդ ամբողջ ընթացքում, «Եվրատեսիլ»-ին հետևելով հասկացա, որ ինձ միայն մեկ երգ է դուր եկել` 2007 թվականին Ֆինլանդիայի ներկայացուցիչ Հաննա Պակարինենի «Leave me alone»-ը»,– պատմում է Գիսանեն:
Այդ նույն մասնագիտական հետաքրքրությունից դրդված նա այժմ ևս հետևում է մրցույթի ընթացքին ու նախընտրական փուլերին: «Հաճախ փոխում եմ ալիքը մրցույթի ընթացքում: «Եվրատեսիլ»-ին ուղղակի վերաբերվում եմ որպես անհետաքրքիր, բայց անուն հանած մրցույթ»,– հավելում է երաժիշտը:
Գիսանեն Tert.am-ին պատմեց նաև այս տարի Հայաստանի`«Եվրատեսիլ» մրցույթին մասնակցության վերաբերյալ իր վերաբերմունքը: Երաժիշտը համոզված է, որ Հայաստանի մասնակցության առաջին նախապայմանը` լավ, որակով երգն է, այլ ոչ թե որևէ հորիզոնական գրավելու մտահոգությունը: «Ես միայն դա եմ ցանկանում. ով էլ մասնակցի մրցույթին, թող որակ ներկայացնի, այլ ոչ թե մտածի հաղթանակի մասին»,- նշում է նա:
Tert.am-ի հետ զրույցում երաժիշտը կարևորեց նաև Սփյուռքից բացի, սովորական եվրոպացիների քվեարկելու հանգամանքը՝ նշելով որ երգը ներկայացնելուց, շեշտը պետք է դնել այլ ազգերից ձայներ ստանալու վրա: «Ինչու ՞ պետք է միայն Սփյուռքը քվեարկի: Նրանք այսպես, թե այնպես կքվեարկեն, նամանավանդ եթե լավ երգ լինի: Ես մտածում եմ, որ այլ ազգերի քվեարկությունը ևս շատ կարևոր է»,– նշում է Գիսանեն:
Գիսանե Պալյանը խոստանում է, որ ժամանակ լինելու դեպքում անպայման կդիտի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը: Երաժիշտը նաև նշեց, որ մրցույթում որպես Հայաստանի ներկայացուցիչ միանշանակ «Dorians» խմբին է տեսնում`«Այժմ շատ է խոսվում «Եվրատեսիլ»-ում «Dorians»-ի մասնակցության մասին: Խոսվում է նաև, որ Հայաստանի մասնակցությունը մեծ հարցականի տակ է: Չգիտեմ որպես Հայաստանի ներկայացուցիչ Բաքու մեկնելու ինչ այլ հավակնորդներ կան, բայց գիտեմ, որ «Dorians» խումբը արդեն պատրաստել է մրցույթի համար նախատեսված երգ: Միանշանակ ուզում եմ նրանց տեսնել «Եվրատեսիլի» բեմում, որովհետև հենց նրանք որակ կներկայացնեն»:










