Լոս Անջելեսում տեղի կունենա Վահե Բերբերյանի «Կյանք» ներկայացման պրեմիերան

13:18 • 17.02.12

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդ թաղամասում գտնվող «Էլ Փորթալ» թատրոնում մարտի 16-ին տեղի կունենա «Կյանք» ներկայացման պրեմիերան:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող «Ասպարեզ» պարբերականը, ներկայացումը ստեղծվել է սփյուռքահայ հայտնի արվեստագետ, դրամատուրգ, դերասան Վահե Բերբերյանի համանուն պիեսի հիման վրա:

Պարբերականի թղթակցի հետ զրույցում Բերբերյանը հրաժարվել է մանրամասնել ներկայացման սյուժեն: ««Կյանք»-ի վրա երկար չեմ աշխատել….: Ընդամենը կարող եմ ասել, որ սա պատմություն է Լոս Անջելեսում բնակվող մի ընտանիքի մասին, որն ամուսնալուծության շեմին է. գլխավոր հերոսներն ընտանիքի հայրն ու մայրն են ու նրանց երկու աղջիկները, և ամուսնական այդ զույգն անհույս պայքարում է ամուսնության պահպանման համար,-ասել է Բերբերյանը և հավելել,- Չեմ կարծում, թե ավելի շատ բան ասելու անհրաժեշտություն կա, կառուցվածքը բարդ է և մի քանի հետաքրքիր շրջադարձեր կան»:

Իսկ ահա ներկայացման պրոդյուսերներ Բեթին և Քրիստինան պարբերականի հետ զրույցում ասել են, որ «Կյանք»-ը «փոփոխություն էր» Վահեի ստեղծագործական ուղում ոչ միայն այն պատճառով, որ ներկայացման 6 կերպարներից 4-ն իգական սեռի ներկայացուցիչներ են, այլև այն առումով, որ նախագծի վրա աշխատող անձնակազմի գրեթե բոլոր անդամները կանայք են:

«Ես միշտ էլ գիտեի, որ Վահեն մի օր այնպիսի պիես կստեղծի, որում գործող անձանց մեծ մասը կանայք կլինեն, և ուրախ եմ, որ նա վերջապես մի պատմություն ստեղծեց` հայ խելացի, ինքնուրույն կանացի կերպարներով»,-ասել է Բեթին:

Պիեսի վեց կերպարներին ներկայացման մեջ մարմնավորելու են դերասաններ Աննա Բեդյանը, Սաքո Բերբերյանը, Մարո Աճեմյանը, Հուրի Մահսերեջյանը, Փալենի Թոփչյանը և Ռուբեն Կարակոզյանը: