«Օսկար»-ին ընդառաջ. կարմիր գորգը պատրաստ է ընդունել միջոցառման մասնակիցներին
Հոլիվուդյան 3000-ից ավելի աստղեր՝ դերասաններ, պրոդյուսերներ, սցենարիստներ, ռեժիսորներ ժամեր անց կմասնակցեն կինոշխարհի ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության 84-րդ արարոությանը:
Միջոցառումը, ավանդույթի համաձայն, անցկացվելու է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Կոդակ» թատրոնում: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, ոստիկաններն արդեն փակել են դեպի «Կոդակ» տանող փողոցները, փռվել է կարմիր գորգը, որի վրայով փառքին ընդառաջ կքայլեն «Օսկարի» հավակնորդները:
Միջոցառումն ուղիղ եթերով հեռարձակվելու է աշխարհի 225 երկրում:
Արարողության կազմակերպիչները հյուրերին և կազմակերպիչներին բազմաթիվ անակնկալներ են խոստանում՝ բացառիկ կրկեսային համարից մինչև լեգենդար երգիչ Թոնի Բենեթի ելույթը: Վերջին նախապատրաստություններն են տեսնում նաև հատուկ այդ միջոցառման համար հրավիրված խոհարարները. աշխարհի լավագույն խոհարարի տիտղոսակիր Վոլֆգանգ Պակը «ոսկե օսկարներ է» խոստանում «Օսկարի» մրցանակակիրների և հավակնորդների համար կազմակերպվող ամենամյա ճաշկերույթի բոլոր մասնակիցներին: Նրա խոսքով՝ ճաշացանկում 50-ից ավելի ուտեստ է լինելու, այդ թվում ձուկ, ծովախեցգետին, հավի մսով և գետնասնկով կարկանդակներ, տարբեր տեսակի աղցաններ և այլն:
Ճաշկերույթին հյուրերին դիմավորող և սպասարկող անձնակազմի համար աշխարհահռչակ դիզայներ Ջեֆրի Քարլանդն առանձնահատուկ հանդերձանք է պատրաստել, որի դիզայնն առայժմ գաղտնի է պահվում:
Իսկ այդ ընթացքում բուքմեյքերական ընկերությունները շարունակում են խաղադրույքներ ընդունել այս կամ այն ֆիլմի համար.ամերիկյան Gambling911 ընկերությունը, օրինակ, ամենաբարձրը գնահատում է « Արտիստը» ֆիլմը:
«Օսկար» մրցանակաբաշխության 84-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը (Երևանի ժամանակով):
2011թ. «Լավագույն ֆիլմ» ճանաչվելու համար պայքարելու են Միշել Խազանավիչուսի «Արտիստը», Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը», Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները», Թեյթ Թեյլորի «Աղախինը», Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում», Բինեթ Միլերի «Մարդ, որ փոխեց ամեն ինչ», Թերենս Մալիքի «Կյանքի ծառը», Սթիվեն Սփիլբերգի «Ռազմական նժույգը» և Սթիվեն Դոլդրիի «Չափազանց բարձր և անհավանական մոտ» ֆիլմերը:
«Տղամարդու լավագույն դերակատար» անվանակարգում մրցելու են Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը, Ժան Դյուժարդինը, Գերի Օլդմենը, Դեմիան Բիշերը, իսկ «Լավագույն կնոջ դերակատար» անվանակարգում՝ Մերիլ Սթրիփը, Միշել Վիլյամսը, Գլեն Քլոսը, Ռունի Մարան, Վայոլա Դևիսը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում կպայքաարեն Մարտին Սկորսեզեն, Վուդի Ալենը, Միշել Խազանավիչուսը, Ալեքսանդր Փեյնը և Թերենս Մալիքը:










