Հայկոն երկու նոր ձայնասկավառակ կներկայացնի
Լուսանկարը՝ Bravo.am–ի
Երգիչ Հայկոն այս տարի երկրպագուներին երկու նոր ձայնասկավառակով կուրախացնի` երգչի հերթական` հայկական-երևանյան ռոմանսներով ու հեղինակային երգերով: Երգիչը վաղուց երազում էր, որ իր երգերը մեկ օր հնչեն նվագախմբի ուղեկցությամբ: Այս տարի, կարծես, նրա երազանքը իրականություն կդառնա: Հայկոն համագործակցում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Tert.am-ի հետ զրույցում նա խոստովանեց, որ աշխատանքները արդեն սկսվել են: Կարեն Անանյանի հետ երգիչը գրում է պարտիտուրները, որից հետո աշխատանքները նվագախմբի` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կշարունակվեն ձայնագրման ստուդիայում:
«Շատ եմ գնահատում ընկերությունս Սերգեյ Սմբատյանի հետ: Շատ սիրում ու գնահատում եմ իրեն որպես մարդ և պրոֆեսիոնալ: Նա ամեն վայրկյան կարող է թողնել ու Մոսկվա հեռանալ, լավ փառքի արժանանալ այնտեղ, բայց նա մնում ու շարունակում է աշխատել Երևանում: Բացի մեր համատեղ աշխատանքից, մշտապես փորձում եմ աջակցել նրան ամեն հարցում»,– ասում է Հայկոն:
Երգչի խոսքերով նա դասականի ու փոփի համադրության սիրահար է: Երկու ձայնասկավառակների ձայնագրման աշխատանքները սկսվել են, սակայն Հայկոն խոստովանում է, որ դեռևս մտածում է` որտեղ կգերակշռի նվագախմբի մասնակցությունը: «Մի քիչ էգոիստաբար կմոտենամ ու, երևի, նվագախումբը ավելի շատ կմասնակցի իմ հեղինակային երգերի ձայնագրման ընթացքում»,– ասում է Հայկոն:
Ձայնասկավառակի համար ընտրվել են հին ու սիրված երգերը: Tert.am-ի հետ զրույցում Հայկոն հույս հայտնեց, որ ձայնասկավառակը երկրպագուների հավանությանը կարժանանա:
Վերջերս Հայկոն երկրպագուների դատին հանձնեց նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Գա ու Գնա» երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորն է Լուսինե Մարտիրոսյանը: Այժմ Ռեժիսորն ու երգիչը պատրաստվում են ներկայացնել ևս մեկ, նոր տեսահոլովակ, որը, Հայկոյի խոսքերով, ավելի լայնամասշտաբ կլինի: Նոր տեսահոլովակը կնկարահանվի «Թող Հիշեմ» երգի հիման վրա: Երգի հեղինակը հենց ինքն է։ «Երգը ավելի ֆիլմային է, խոսքերի հեղինակն է Վարդան Զադոյանը: Այնպես որ ևս մեկ անգամ կհավաքվենք միևնույն աշխատանքային խմբով»,– մեզ հետ զրույցում նշեց նա:










