Հայակ 2012. ազգային կինոյի մրցանակաբաշխությունը տեղի կունենա կիրակի
Մարտի 18-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենանա «Հայակ-2012» ազգային կինոյի անդրանիկ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Հայկական առաջին մրցանակաբաշխությունը կինոյի ոլորտում ստեղծվածին ու արարողներին իր գնահատականն է տալու 20 տարվա կտրվածքով: Հեղինակավոր ժյուրին` Սոս Սարգսյանի գլխավորությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է 36 ֆիլմ` 12 անվանակարգերում: Ամեն անվանակարգում` 3-ական աշխատանք կամ հավակնորդ:
Հայտ էին ներկայացրել 103 ֆիլմերի հեղինակներ: «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում 20 աշխատանք է հայտ ներկայացրել: Ընտրվել են ռեժիսորներ Առնոլդ Աղաբաբովի, Սուրեն Բաբայանի և Վիգեն Չալդրանյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Ժանո» և «Ձայն բարբառո…» ժապավենները:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հավակնորդներն են Հարություն Խաչատրյանը /«Սահման»/, Դմիտրի Կեսայանցը /«Անիծվածները»/ և Վիգեն Չալդրանյանը /«Ձայն բարբառո…»/:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 10 հայտից հաստատվել է Աննա Էլբակյանի /«Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»/, Անահիտ Հարությունյանի /«Ուրախ ավտոբուս»/ և Ռուզան Վիթ Մեսրոպյանի /«Քրմուհին»/ թեկնածությունը:
«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված 20 հայտից քվերակությամբ առաջադրվել են Ժան Պիեռ Նշանյանը /«Ժանո»/, Նիկոլայ Ծատուրյանը /«Ընկեր Փանջունի»/ և Միքայել Պողոսյանը /«Երևան ջան»/:
Առավել բարդ է եղել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներկայացված 36 հայտերի ընտրությունը. հավակնորդներն են` Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն», Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության մասին» և Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» ֆիլմերը:
Մրցանակներ են հանձնվելու նաև «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենարի հեղինակ», «Լավագույն նկարիչ», «Լավագույն կոմպոզիտոր», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն դեբյուտ» անվանակարգերում:
Ազգային կինոմրցանակաբաշխության նախաձեռնողներն են Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը, «Օրանժ Արմենիա» ընկերությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը:










