Այսօր լրանում է Մանուկ Աբեղյանի 147–ամյակը
«Մանուկ Աբեղյանի մեջ ներդաշնակ կյանքով ապրում էին թե՛ մեծ լեզվաբանը, թե՛ մեծ գրականագետը, թե՛ մեծ բանագետը, իրենց արանքում տեղ տալով նաև մեծ պատմաբանին և մեծագույն տաղաչափագետին: Ահա թե ինչու ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք հպարտությամբ նշելու, որ հայագիտության բոլոր մեծ երախտավորների մեջ առայսօր Մ. Աբեղյանն է ամենաներդաշնակ, ավելի ճշգրիտ բառով ասած` կատարյալ դեմքը»,– արևելահայ բանասիրության ամենակարկառուն դեմքերից մեկին՝ Մանուկ Աբեղյանին, այսպես է բնորոշել Պարույր Սևակը:
Այսօր լրանում է Աբեղյանի 147–ամյակը (1865, մարտի 17): Նա ծնվել է Նախիջևանի գավառի Աստապատ գյուղում (հետագայում բուն Աստապատի տարածքը մնացել է ջրամբարի տակ), սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1876-1885): 1885-1887-ին աշխատել է Գևորգյան ճեմարանում իբրև գրադարանապետ և դպրոցական բաժնի դասատու:
1887-1889-ին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Շուշիի թեմական դպրոցում, 1889-1893-ին` Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցում:1891-1892-ին, մի քանի ամսով, կատարել է «Նոր դար» օրաթերթի խմբագրի պաշտոնը: 1893-1895-ին ուսանել է Ենայի և Լայպցիգի համալսարանների բանասիրական ֆակուլտետներում: 1896-1898-ին որպես ազատ ունկընդիր դասախոսությունններ է լսել Բեռլինի և Փարիզի (Սորբոնի) համալսարաններում:
Մանուկ Աբեղյանի անվան հետ է կապված դասական հայագիտության նոր փուլի զարգացումը: Աբեղյանը հայ նոր բանագիտության հիմնադիրն է: Մանուկ Աբեղյանի աշխատություններում հայ բանասիրությունը ներկայացված է իր լայն ընդգրկումներով` ժողովրդական բանահյուսություն, հայ գրականության պատմություն, հայերենի տաղաչափություն, տեքստաբանություն, հայոց լեզվի տեսություն և այլն:
Մանուկ Աբեղյանը հայ ժողովրդական էպոսի խոշորագույն գիտակներից է. նա հայտնաբերել է «Սասնա ծռերի» երկրորդ տարբերակը: 1886-ին գրառել է «Սասնա ծռեր» հերոսավեպի մոկաց նոր տարբերակը («Դաւիթ և Մհեր», 1889) և կատարել առաջին մասնագիտական հետազոտությունը («Ազգային վէպ», 1889-90): Մանուկ Աբեղյանը վերականգնել է հայ հին առասպելաբանության և ժողովրդական հավատալիքների ամբողջական համակարգը և հիմք դրել հայ առասպելաբանության գիտական նոր տեսությանը («Հայ ժողովրդական հաւատալիքը», «Հայ ժողովրդական առասպելները Խորենացու Հայոց պատմութեան մէջ», 1899): կազմել և հրատարակել է հայկական խաղիկների («Ժողովրդական խաղիկներ», 1940) և միջնադարյան հայրենների («Գուսանական ժողովրդական տաղեր», 1940) գիտական համահավաք բնագիրը:
Մանուկ Աբեղյանն արևելահայ գրական լեզվի ուսմունքը բարձրացրեց նոր մակարդակի: Նրա լեզվաբանական-քերականագիտական ուսումնասիրությունները` «Աշխարհաբարի քերականություն», «Աշխարհաբարի հոլովները», «Աշխարհաբարի շարահյուսությունը», «Հայոց լեզվի տեսությունը» և այլն, վճռական դեր խաղացին արևելահայ գրական լեզվի գիտական քերականությունը ստեղծելու գործում: Նա գրեթե առաջինն էր, որ լրջորեն հաղթահարեց ավանդական քերականագիտության սխեմաների ու կաղապարների ճնշումը և տվեց ժամանակակից գրական հայերենի կառուցվածքի ամբողջական ու հետևողական նկարագրությունը: Աբեղյանը հինգ հոլովի տեսության հիմնադիրն է: Անվանի հայագետը զբաղվել է նաև ուղղագրության բարեփոխության ու տերմինաշինության հարցերով:
Նրա անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը և Երևանի թիվ 3 դպրոցը: Նա մահացել է 1944թ-ի սեպտեմբերի 25-ին Երևանում:










