Լեզուներում բառերի զգալի կորուստ է տեղի ունենում. հետազոտություն
ԱՄՆ-ի, Իտալիայի և Իսրայելի լեզվաբանների խումբը` եբրայերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներով տեքստերի վիճակագրական վերլուծություն է կատարել և եզրակացրել, որ վերջին շրջանում, նոր բառերի ամրագրման տեմպը զգալիորեն նվազել է, հետ է մնում հին բառերի կորստի տեմպից, ինչի պատճառով բառային բազմազանության կրճատում է տեղի ունենում, հաղորդում է Scientific Reports ամսագիրը:
Հետազոտության համար օգտագործվել են Google ընկերության կողմից թվայնացված տեքստերը: Ընկերության կողմից ներկայում թվայնացվել է մարդկության կողմից թողարկված գրքերի 4%-ը:
Գիտական խումբը, վերլուծել է 1800թ.-ից մինչև 2008թ.-ը ժամանակահատվածում` մոտ 10 միլիոն բառերի օգտագործումը: Բառերի գրելաձևերի տարբեր եղանակները (օրինակ, color և colour) համարվել են որպես տարբեր բառեր, քանի որ գիտնականնեըը փորձել են բացահայտել նման բառերի փոխազդեցության և դուրս մղման գործընթացները:
Գիտական խմբի իրականացրած` բառերի օգտագործման երկդարյա շրջանի հետազոտության հիմնական եզրակացությունն այն է, որ չնայած նոր երևույթների աճող հոսքին, նոր բառերի գոյացումը` վերջին 12-20 տարում, հետ է մնում հին բառերի կորստից, և լեզուները ավելի աղքատիկ են դառնում:
Լեզվաբանները հաճախ այդ երևույթը բացատրում են ուղագրության ստուգման ավտոմատ համակարգերի առկայությամբ, որոնք դանդաղեցնում են նոր բառերի գոյացումը: Բացի այդ, հետազոտողները վկայակոչում են, էլեկտրոնային նամակագրության մեջ ավելի սակավ բառապաշար օգտագործելու փաստը, ինչպես նաև ակադեմիական միջավայրում անգլերենի դերի աստիճանական ավելացումը:













