«Ջոկոնդան» Google Art Project-ի կարիքը չունի
Google Art Project նախագծի ի հայտ գալուց ի վեր արվեստասերները հարցնում են, թե ինչո՞ւ մոլորակի ամենանշանավոր կտավը` Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդան», տեղ չի գտնում կայքում, որը ընտրված թանգարաններից արվեստի գործեր է թվայնացնում ու ներկայացնում:
Սրա պարզ պատասխանն այն է, որ «Մոնա Լիզան» և Լուվրի թանգարանի որոշ այլ նմուշներ արդեն իսկ կան առցանց, բայց այլ` Ֆրանսիայի թանգարանների հետազոտության և ռեստավրացիայի կենտրոնի (C2RMF) կայքում, հարցադրմանը պատասխանում է Los Angeles Times-ը` առաջարկելով նկատի ունենալ վերոհիշյալ կառույցի կայքի հետևյալ հղումը:
Լրատվամիջոցը նկատում է նաև, որ սա մշակույթը ամերիկյան գերիշխանությունից զերծ պահելու միջոց է: Եվ հիշեցնում, որ այլընտրանքային կայքում կարելի է տեսնել նաև Ռաֆայելի, Տիցիանի, Վան Գոգի և այլոց աշխատանքները:










