«Իմ Հայաստան» համահայկական փառատոնին Սփյուռքից սպասվում է մոտ 1000 մասնակից
Հունիսի 29-ին Զվարթնոց պատմաճարտարապետական համալիրում կմեկնարկի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որին ակնկալվում է, որ Սփյուռքից կմասնակցի մոտ 1000 մարդ։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի կազմակերպիչները մանրամասնեցին, որ ծրագրում կներկայացվեն պարի, խմբերգի, անհատ կատարողների, ինչպես նաև դուդուկի համահայկական օրեր: Ընդհանուր առմամբ կլինեն 50-ից ավելի միջոցառումներ:
Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը պարզաբանեց, որ «Իմ Հայաստան» փառատոնը շարունակությունն է երկու տարին մեկ անգամ կազմակերպվող «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնի, որի հիմնադրամը լուծարվեց:
Սակայն ի տարբերություն «Մեկ ազգ մեկ մշակույթ»-ի, «Իմ Հայաստան» փառատոնն ավելի ծավալուն կլինի թե՛ ժամանակագրական, թե՛ ժանրային և թե աշխարհագրական մասշտաբներով:
Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ փառատոնի նախաձեռնությունը Սփյուռքի նախարարությանն է, որին կմասնակցեն նաև այլ շահագրգիռ կողմեր, ինչպես օրինակ՝ Մշակույթի նախարարությունը, Կրթության և գիտության նախարարությունը, Ոստիկանությունը և այլն:
Փառատոնի ծրագրային հիմնադրույթները ներկայացրել է կառավարությանը և արժանացել հավանության:
Ատոմ Մխիթարյանը նաև ասաց, որ «Իմ Հայաստան» փառատոնը ներառում է երկու փուլ։ «Առաջինը գրողների համահայկական համաժողովն է, որը կանցկացվի ապրիլի 20-24-ը: Գրողների համահայկական համաժողովին Սփյուռքից ժամանելու է ավելի քան 70 գրող»,- ասաց նա: Իսկ արդեն հիմնական ծրագրերը, ըստ նրա, տեղի կունենան ամռանը:
Ասուլիսին ներկա «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանն իր հերթին ասաց, որ Սփյուռքից սպասվում է մոտ 1000 մասնակից, որոնք Հայաստան կգան ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից, Եվորպայից, Ռուսաստանից, Լիբանանից, Պարսկաստանից, Բուլղարիայից և այլ երկրներից:
Փառատոնի ղեկավարը նշեց, որ այս երկրներից արդեն հայտեր են ստացել, իսկ մասնակիցները հիմնականում կլիզեն երիտասարդները։
«Փառատոնի ծրագրերը կներկայացվեն Հայաստանի մարզերում, Երևանում, ԼՂՀ-ում, իսկ տոնախմբությունները կանցկացվեն հիմնականում բացօթյա»,-ասաց նա:
«Որևէ մրցակցային տարր չկա, սա ավելի շատ հայապահպանության խնդիր է, չնայած կունենաք նաև դափնեկիրներ»,- ասաց Սամվել Հարոյանը՝ ավելացնելով, որ առաջին անգամ հրավիրված խմբերին կազմակերպիչները կապահովեն սննդով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կեցության վայրով։
Փառատոնի համար պետբյուջեից հատկացվել է 84 մլն դրամ:










