«Հայ գրողը պետք է լինի ժամանակի շունչը». բանաստեղծ Արտեմ Հարությունյան

14:17 • 11.04.12

Բանաստեղծ Արտեմ Հարությունը կարծում է, որ այսօր պոեզիան պետք է լինի քաղաքական, ինչը ժամանկի շունչն է: Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

«Հայ գրողը պետք է լինի ժամանակի շունչը: Դա նաև Չարենցի պահանջն էր: Այն պետք է մտնի քաղաքականության մեջ: Իհարկե, մտնելով քաղաքականության մեջ, մենք իրավունք չունենք կռիվներ սարքել, բայց պոետները պետք է քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցները լինեն»,- ասաց նա և ավելացրեց, որ միաժամանակ շատ դժվար է քաղաքական նյութը դարձնել լիրիկական, բայց եթե շատ պոետներ անում են՝ ուրեմն դա հնարավոր է:

Ըստ նրա՝ անցել է այն ժամանակը, երբ պոետը խոսում էր սիրո դրսևորումների մասին: ««Ես սիրում եմ», «դու հեռացար», «քո սերը իմն է», էլ չգիտեմ ինչեր... Մոռացեք դրա մասին: Ժամանակին շատ են գրել դրա մասին: Հիմա պետք է ստեղծել մի նոր բան»,-ասաց բանաստեղծը:

Tert.am-ի այն հարցին, թե այդ դեպքում, ինչպիսին պետք է լինի մեր օրերի հայ գրողը, բանաստեղծը պատասխանեց. «Հայ գրողը պետք է լինի զարգացած, իր նպատակը իմացող ու իմանա ինչու է գրում: Հաճախ ասում են՝ մուսաս եկավ գրեցի, ես դա չեմ ընդունում: Այո ներշնչանք գոյություն ունի, բայց այն իռացիոնալ չպետք է լինի: Գրողը պետք է իմանա հասարակության մեջ ինչ է կատարվում և գրի դրա զարգացումներին զուգընթաց»,-ասաց բանաստեղծ Արտեմ Հարությունյանը: