Լեհաստանի հայերի պատմությանը և մշակույթին նվիրված ցուցահանդես կբացվի Վարշավայում
Վարշավայի Անկախության Թանգարանում «Հայերը՝ Semper Fidelis» (թարգ.՝ «Հայերը՝ միշտ հավատարիմ») անվանումով ցուցահանդեսը նպատակ է ունենալու բացահայտել լեհահայության դերը Լեհաստանի Հանրապետության պատմության մեջ, հաղորդում է «Երկրամաս» պարբերականը:
Ցուցահանդեսում ներկայացված կլինեն նյութեր, որոնք լուսաբանում են հայերի ծանրակշիռ դերակատարումը լեհական պատմության և մշակույթի մեջ:
Դրանց շարքում մասնավորապես կլինեն՝ արքեպիսկոպոս Իոսիֆ Թեոդորովիչի` 1902թ. հրապարակված հովվական կոնդակը: Եկեղեցական ոլորտի բազմաթիվ կարևոր փաստաթղթեր, ինչպես նաև հայկական ազգային տարազների կրկնօրինակներ:
Ցուցահանդեսի երկրորդ մասում կներկայացվեն հայազգի հայտնի նկարիչների, գրողների, հոգևորականների և հայտնի ազգանվեր մարդկանց, օրինակ՝ Իգնատի Լուկասևիչի, Թեոդոր Ակսենտովիչի դիմանկարները:
Ցուցահանդեսը կբացվի ապրիլի 19-ին՝ ժամը 12:00-ին, և կգործի մինչև 2012թ. օգոստոսի 31-ը:










