Վախճանվել է հոլանդացի հայագետ Ժոզեֆ Վայտենբերգը

02:08 • 18.04.12

Ապրիլի 14-ին վախճանվել է հոլանդացի նշանավոր հայերենագետ, Լեյդենի համալսարանի պրոֆ. Վայտենբերգը: Այս մասին Լեյդենից հաղորդում է հայագետ Հրաչ Մարտիրոսյանը:

Ուսանելով դասական լեզվաբանություն և համեմատական հնդեվրոպական լեզվաբանություն` պրոֆ. Վայտենբերգը նախ կենտրոնացել է խեթագիտության վրա: Նրա դոկտորական ատենախոսությունը, որ նվիրված է խեթերենի ու-հիմքով գոյականների ուսումնասիրությանը, պաշտպանվեց 1984-ին Ամստերդամի համալսարանում: Այն հրատարակվեց նույն թվականին՝ «Die hethitischenU-stämme», Amsterdam, «Rodopi», 1984:

Հետաքրքիր է, որ իր ատենախոսության ներդիրի տասը դրույթներից չորսը Վայտենբերգը նվիրել է հայերենին: Սա վկայում է այն մասին, որ դեռևս այդ տարիներին արդեն սկսել էր ձևավորվել նրա առանձնահատուկ վերաբերմունքը դեպի հայոց լեզուն:
Այնուհետև Վայտենբերգը իր մասնագիտական կիզակետը տեղափոխեց հայերենագիտություն, որին էլ հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը: Նա դարձավ Լեյդենի համալսարանի հայոց լեզվի ամբիոնի առաջին և վերջին ղեկավարը: Նրա ինավգուրալ դասախոսությունը (1996 թ., հունվ. 12) կոչվում էր «Een leerstoel in den vreemde» («Ամբիոն օտարության մեջ»):

Դժվար է գերագնահատել պրոֆ. Վայտենբերգի ավանդը հայերենագիտության մեջ: Նա գրել է մի շարք մենագրություններ ու բազմաթիվ հոդվածներ, կազմակերպել է գիտաժողովներ, բազմաթիվ մարդկանց հսկայածավալ գործունեությունը կենտրոնացնելով` ստեղծել է իր հայագիտական նշանավոր բազան` Leiden Armenian lexical textbase (LALT): Նրա մի շարք ուսումնասիրություններ և նախաձեռնություններ արդյունք են բեղմնավոր համագործակցության` բազմաթիվ հայագետների հետ, ինչպիսիք են Պաուլ Յունգմանը, Մայքլ Սթոունը, Ուվե Բլեզինգը, Թեո Վան Լինտը, Էռնա Շիրինյանը, Գայանե Գևորգյանը և այլք: Նա ակտիվորեն մասնակցում էր հոլանդահայ համայնքի մշակութային կյանքին ու հայոց ճակատագրի անկաշառ թարգմանն էր Հոլանդիայում:

Որպես վերին աստիճանի բարեխիղճ գիտնական` պրոֆ. Վայտենբերգը պատշաճ բծախնդրությամբ քննում էր հայերենի լեզվական իրողությունները գրաբար – միջին հայերեն – բարբառներ կոնտինուումի տարածաժամանակային հենքի վրա: Անցնելով թոշակի (հրաժեշտի դասախոսությունը` «Wetenschap, canons en Armeense woordenlijstjes», 2009 թ. հունվ. 22)` նա ամբողջությամբ տրվեց իր կարևորագույն առաքելությանը` «Հայոց լեզվի պատմություն» աշխատությանը, որը, ցավոք, մնաց անավարտ: