Հայաստանում կա 245 առավել վտանգված հուշարձան

12:34 • 18.04.12

Այսօր Հայաստանում կա 245 առավել վտանգված հուշարձաններ և ֆինանսական միջոցների տրամադրման դեպքում հնարավոր է իրականացնել դրանց մասնակի վերականգնումը, այս մասին այսօր հուշարձանների պաշտպանության միջազգային օրվա առիթով հրավիրված մամլո ասուլիսին ասաց ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը:


«Եթե որևէ մասնավոր ընկերություն կարող է օժանդակել որևէ հուշարձանի բարեկարգմանը, ապա Մշակույթի նախարարությունը պարտավորվում է իր մասնագետներին, ու նաև միջոցներ տրամադրել աշխատանքների իրականացման համար»,- ասաց նա։


Սերժիկ Առաքելյանը նաև նշեց, որ նման համագործակցության շնորհիվ այսօր բարեկարգվում է Օձունի տաճարը, առաջիկայում կբարեկարգվի Օշականում՝ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորների հիշատակին կանգնեցված հուշարձանը, «Նոր Վարագա» վանքը և «Ախթալայի» հուշարձանը:


«Ժամանակի ընթացքում կնվազեն առավել վտանգված հուշարձանների քանակը, բայց ասել, թե՝ մեկ-երկու տարիների ընթացքում մենք կարող ենք այդ հարցը լուծել, ճիշտ չի լինի»,-ասաց Առաքելյանը:


«Մեր աշխատանքների համար անհրաժեշտ է օժանդակություն ոչ միայն բարերարների կողմից, այլ նաև համայնքի, քանի որ համայնքը ևս պատասխանատվություն է կրում հուշարձանների պահպանության համար»,- Սերժիկ Առաքելյանը։
Նշենք, որ Հայաստանում պատմամշակութային հուշարձանների թիվը հասնում է 24 հազ. 500-ի: