Բրիտանացի արձակագիր Թոբի Լիթը կհամագործակցի հայ երիտասարդ գրողների հետ
Միացյալ Թագավորությունում «Գրանտա» գրական հայտնի ամսագրի կողմից 2003 թվականին բրիտանացի 20 երիտասարդ լավագույն արձակագիրներից մեկը ճանաչված գրող Թոբի Լիթը «Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակվելու կապակցությամբ կազմակերպվող տոնակատարությունների շրջանակում կայցելի Հայաստան և «Բրիտանական Խորհրդի» նախաձեռնությամբ կհանդիպի հայ երիտասարդ գրողների հետ:
Ինչպես տեղեկանում ենք «Բրիտանական Խորհրդի» մամուլի հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում գրողները կքննարկեն համատեղ ստեղծագործ համագործակցության հեռանկարները, գրական աշխարհում միջազգային կապեր ձևավորելու հնարավորությունները:
Թոբի Լիթը Հայաստան է այցելում Մշակույթի նախարարության հրավերով: Թոբի Լիթը ծնվել է Անգլիայում 1968թ.: Սովորել է Բեդֆորդի ժամանակակից դպրոցում, անգլերեն է ուսումնասիրել Օքսֆորդի Վոլչեստր քոլեջում, իսկ ստեղծագործ շարադրում սովորել է Արևելյան Անգլիայի համալսարանում:
Նրա առաջին գիրքը` «Արկածներ կապիտալիզմում» կարճ պատմվածքների ժողովածուն, լույս է տեսել 1996թ.:
Գրական աշխատանքին զուգահեռ Թոբի Լիթն ստեղծագործ շարադրում է դասավանդում Բըրքբեքիում, Լոնդոնի համալսարանում:
Երևանում գրողը «Ստեղծագործ շարադրման ուսուցում» թեմայով վարպետության դասընթաց կանցկացնի անգլերենի ուսուցիչների համար:










