Ֆիլհարմոնիկը բացառիկ ելույթ է ունենալու Մեծ Եղեռնի կապակցությամբ
Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղղեկ և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) հատուկ ելույթ է ունենում` ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:
Այս տարի ևս բացառություն չէ, սակայն ելույթը բացառիկության երանգով է, և մի փոքր էլ` ավանդույթների թարմացմամբ. ՀՊՖՆ-ն այս անգամ հանդես կգա ապրիլի 25-ին: Ծրագրում` Ռոսինիի Stabat Mater ստեղծագործությունն է:
Stabat Mater-ը Աստվածամորը ձոնված երաժշտական երկ է, որի առաջին մասում ներկայացվում են Մարիամ Աստվածածնի տառապանքները Քրիստոսի խաչելության ժամանակ: Իսկ 2-րդ մասում մեղսավորը ջերմագին խնդրում է իրեն դրախտի արժանացնել հետմահու կյանքում: Անվանումը ծագել է 13-րդ դարի իտալացի պոետ դի Տոդիի տեքստի առաջին տողից, որը հնչում է այսպես` Stabat Mater dolorosa («Կանգնած էր Տիրամայրը վշտաբեկ»):
Համերգին մասնակցում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Որպես մենակատարներ հանդես կգան հայազգի հռչակավոր մեներգիչներ Կարինե Բաբաջանյանը՝ սոպրանո (Գերմանիա), Ջուլիետ Գալստյանը, մեցո-սոպրանո, (Շվեյցարիա), Պերճ Քարազյանը, տենոր (Հայաստան), Հայկ Դեինյանը, բաս (Գերմանիա): Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:
Ինչպես Tert.am-ին հայտնեց ՀՊՖՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Օրդյանը, հրավիրյալ մենակատարները Նվագախմբի հետ նախկինում տարբեր տարիների ելույթներ ունեցել են: Ռոսինիի Stabat Mater-ը ՀՊՖՆ-ի համար պրեմիերա չէ: Մեներգիչների այս կազմը, սակայն, նվագախմբի հետ այս ստեղծագործությունը կկատարի առաջին անգամ:
Համերգն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության և Փյունիկ համահայկական հիմնադրամի` «100 համերգ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին» ծրագրի շրջանակներում:
Ռոսինին այս ստեղծագործության վրա աշխատել է շուրջ 10 տարի: Ժամանակին այն նույնիսկ դատական քաշքշուկի պատճառ է դարձել:










