1.5 միլիոն հայ նահատակվեց իր երդմանը հավատարիմ. Մրո
1915թ. 1.5 միլիոն հայ նահատակվեց իր ազգային երդումը պահելու համար, Tert.am-ի հետ զրույցում ասաց Սիրիայից Հայաստան տեղափոխված երգիչ-երգահան Արսեն Գրիգորյանը (Մրո), ում պապերը ևս մազապուրծ են եղել թուրքական յաթաղանից:
«Ես կարծում եմ վաղ թե ուշ պետք է դատապարտվի Թուրքիայի կողմից իրենց ժողովրդի արածը: Դրա համար մենք պետք է մնանք ազգային՝ մեր երդմանը հարազատ, մենք պետք է շարունակենք մեր տեսակը պահել, այն՝ ինչի համար մեկուկես միլիոն նահատակ տվեցինք։ Մեր նահատակները գիտակցելով գնացին դրան, որպեսզի ցեղը պահպանեն»,-ասաց Արսեն Գրիգորյանը:
Երգչի գնահատմամբ, այսօրվա երիտասարդությունը շատ լավ է գիտակցում կատարվածը, իսկ մնացածն արդեն ավագ սերնդի գործն է:
«Հայ երիտասարդության մեծ մասը ճիշտ ճանապարհին է, իսկ մնացածը արդեն մեր` ավագներիս, խնդիրն է, որպեսզի կարողանանք ուղղորդել նրանց»,- ասաց նա։
Արսեն Գրիգորյանը քաղաքական այրերին հորդորեց Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հարևան երկրի հետ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում, լինել միայն պահանջատեր, և պահանջատիրոջ կարգավիճակով ներկայանալ:










