Ծատուր Աղայանի 100-ամյակն է
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր նշեցին հայ պատմագիտական մտքի ականավոր ներկայացուցիչ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ Ծատուր Աղայանի 100-ամյակը:
ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գիտնականների առջև ելույթ ունենալով՝ նշեց, որ Ծատուր Աղայանը, բացի գիտնական լինելուց, հայտնի է որպես հասարակական գործիչ, ով զբաղեցրել է պետական պաշտոններ:
«Նրա ծառայությունները գիտության և կրթության բնագավառում անգնահատելի են: Մենք շնորհակալ ենք որդուն, որ վերջին տարիներին մեզ հետ միասին աշխատում է անել հնարավորը, որ Ծատուր Աղայանը որպես գիտնական ճանաչվի ինչպես ավելի լայն հաարակության կողմից, այնպես էլ հիշվի գիտնականներ կողմից:
Հայտնի պատմաբանի գիտական աշխատությունների մասին զեկույցով հանդես եկավ ԵՊՀ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը, ով նշեց, որ Ծատուր Աղայանը 40 մենագրությունների և 400 հոդվածների հեղինակ է:
«Նա մեր նշանավոր պատմաբաններից է, և դրա մասին վկայում են նրա բազմաթիվ աշխատությունները: Երբ որ ես աշխատություն գրեցի նրա մասին, պարզեցի, որ 40 գիտական թեզեր է ղեկավարել, դոկոտորական աշխատություններ: Նա մանկավարժ էր և սիրում էր իր աշխատանքը»,-ասաց նա:
Նա իր խոսքում նշեց, որ պատմաբանը, երկար տարիներ աշխատելով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, հավատում էր երկու ժողովուրդների բարեկամությանը:
«Մի առիթով հարցրի՝ իրո՞ք հավատում եք հայ-ադրբեջանական ժողովուրդների բարեկամությանը, վիրավորվեց, ասաց երկու ժողովուրդները չունեն իրար դեմ ոչ մի բան, և ես իրոք հավատում եմ այդ բարեկամությանը»,-պատմեց նա և ավելացրեց, որ Աղայանը այցելելով Թուրքիա, գրել է «10 օր Թուրքիայում» գիրքը, որտեղ ներկայացրել է մեզ համար բոլորովին նոր Թուրքիա:
Պետրոս Հովհաննիսյանը նաև նշեց, որ մեծ է եղել Աղայանի դերը նաև միջնակարգ դպրոցի պատմության առարկայի համար դասագրքեր գրելու գործում:
«Նա կարևոր գործ է կատարել վավեվարագրեր և արխիվային նյութեր հավաքելու գործում: Դրանք հավաքված են Թիֆլիսից, Բաքվից, դրանք այսօր մեզ համար առաջնային նշանակությունն ունեն»,-ասաց նա:
Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը նշեց, որ Ծատուր Աղայանը 20-րդ դարի երկրորդ կեսի պատմագրության մեծ դեմքերից էր, ով խորհրդային տարիներին ստեղծեց «Հայոց պատմության» ութհատորյակը, որը մինչ օրս չի կորցրել իր արժեքը:
Ակադեմիկոս Ծատուր Աղայանը ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր էր, արժանացել է Կարմիր դրոշ, Պատվո նշան շքանշանների: Անվանի գործիչը մահացել է 1982թ.:










