Երջանիկ կլինեի, եթե իմ գործերից մեկի հիման վրա Հայաստանում ֆիլմ նկարահանվեր. Անտոնիա Արսլան

01:36 • 25.04.12

«Երևանը՝ գրքի մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում, Հայաստանում գտնվող հայկական ծագումով, իտալացի կին գրող Անտոնիա Արսլանը, ում «Արտույտների ագարակը» գրքի հիման վրա Տավիանի եղբայրները նկարահանել են համանուն ֆիլմը, այստեղ ներկայացնելու է իր «Զմյուռնիայի ճանապարհը» վեպի շնորհանդեսը: Այս մասին Անտոնիա Արսլանն ասաց Tert.am-ին տված բացառիկ հարցազրույցում:

Արսլանը հայտնեց, թե երջանիկ կլիներ, եթե մի օր իր մի որևէ գործի հիման վրա ֆիլմ նկարահանվեր Հայաստանի ազգային կինոկենտրոնում:

Հունվարին Անտոնիա Արսլանը հրատարակել էր իր վերջին՝ «Մշո գիրք» կոչվող նոր վեպը, որը «Մշո ճառընտրի» փրկության մասին է: «Ինչպես են երկու կանայք փրկում «Մշո Ճառընտիրը». այս պատմական դեպքի հենքի վրա հյուսել եմ իմ վեպը»,- ասաց գրողը, ում այս վեպը գրողի ՝ Հայոց ցեղասպանության մասին երրորդ գործն է:

Ինչ վերաբերում է «Զմյուռնիայի ճանապարհը» վեպին, ապա այն «Արտույտների ագարակը» վեպի շարունակությունն է կամ ֆիլմի հերոսների՝ այդ թվում հեղինակի պապի հետագա սերունդների՝ Ավագյանների պատմության շարունակությունը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի («Արարատ», «Ուղևորություն Հայաստան») շարքը լրացնող «Արտույտների ագարակը» 2007 թվականին՝ Բեռլինյան կինոփառատոնում ցուցադրվելուց հետո, բազմաթիվ միջազգային ցուցադրություններ ունեցավ:

Նշենք, որ «Արտույտների ագարակը» ֆիլմը, ի տարբերություն, օրինակ, շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները » ֆիլմի, որը ցուցադրվեց Թուրքիայում, երբեք այդ երկրում չի ցուցադրվել, իսկ գրքի վաճառքն առհասարակ արգելված է:

Այն հարցին, թե «Արտույտների ագարակը» գիրքը և ֆիլմը եվրոպական հանդիսատեսին ինչ-որ նոր բան տվե՞ցին Հայոց ցեղասպանության մասին, իտալացի գրողն ասաց. «Վստահ չեմ, թե ինչպես, ինչքան, բայց հաստատ իր ազդեցությունը թողել է, քանի որ թե՛ գիրքը և թե՛ ֆիլմը բազմաթիվ երկրներում ընդունելություն գտան, բայց բնականաբար, ուրիշ պետություններում Ցեղասպանության հարցը նաև քաղաքական բնույթ է կրում: Նայած թե պետությունն ինչպես է տրամադրված Հայոց ցեղասպանության հարցում, դրանից էլ կախված է՝ կընդունվի՞, թե՞ ոչ»:

Անտոնիա Արսլանը հայ գրողների հիմնական մասին չի ճանաչում և չի կարդում՝ բացառությամբ Ակսել Բակունցի , ում պատմվածքների՝ իտալերեն թարգմանությամբ լույս տեսնելուն անձամբ է նպաստել: Սակայն նոր շրջանի գրողների Արսլանը չի ճանաչում որովհետև հայերեն չգիտի: Անգլերենով կարդացել է Հրանտ Մաթևոսյան:

Նշենք, որ «Զմյուռնիայի ճանապարհը» վեպի հայերեն թարգմանությունն իրականացրել է Վենետիկի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սոնա Հարությունյանը, ով նաև «Արտույտների ագարակը» վեպի թարգմանչուհին է:

Իսկ գրքի տպագրությունն իրականացրել է «Զանգակ» և Սահակ Պարթև հրատարակչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ ՀՀ մշակույթի նախարարարության նախաձեռնությամբ:

Նշենք նաև, որ Անտոնիա Արսլանը երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից ստացավ Սերժ Սարգսյանի կողմից իրեն շնորհված՝ «Մովսես Խորենացի» շքանշանը: